Քիչ առաջ ձերբակալվել է Նորագյուղի Ավետի ազգական, Նորագյուղի բնակիչ, «Արցախ-բանկ» ՓԲԸ-ի առաջին կարգի մասնագետ 28-ամյա Կարեն Գեւորգի Խաչատրյանը, ում նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային կանոնների խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ):
Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը NEWS.am-ին հայտնել էր, որ վերջինս այս տարվա հունվարի 3-ին, ժամը 21-ի սահմաններում, Բաղրամյան-Ավետիսյան փողոցների խաչմերուկում վարելով BMW X5 մակնիշի 23 ՍՕ 981 համարանիշի ավտոմեքենան դուրս էր եկել հանդիպակաց երթեւեկելի մաս, վրաերթի ենթարկել մի տղամարդու, ապա հարվածել է Daewoo մակնիշի Տ 4897 համարանիշի տաքսի մեքենային: Տաքսին էլ իր հերթին բախվել էր Wolksvagen Passat մակնիշի 23 ԼՏ 684 համարանիշի ավտոմեքենային:
Արդյունքում վրաերթի ենթարկվածը, տաքսու վարորդն ու ուղեւորները (թվով 9 մարդ) մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին տարբեր հիվանդանոցներ: Վրաերթի ենթարկվածը քիչ անց «Արմենիա» բժշկական կենտրոնում մահացել էր:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի եւ պարեկապահակային ծառայության աշխատակիցները հազիվ էին կարողացել բորբոքված բազմության ձեռքից ազատել BMW X5-ի երիտասարդ վարորդին: Նրան տեղափոխել էին բուժկենտրոն` պարզելու սթափության աստիճանը:
Մեր տեղեկություններով, պարզվել է, որ Կարեն Խաչատրյանը մեքենան վարել է ոչ սթափ վիճակում: Դեպքի հաջորդ օրը հայտնի էր դարձել, որ վրաերթի ենթարկվածը Բաղրամյան 79 շենքի բնակիչ, մասնագիտությամբ նկարիչ, արվեստագետ 37-ամյա Դավիթ Սերյոժայի Կարապետյանն է (Կարեյան):
Վիրավորները, այդ թվում տաքսու վարորդը` Կոտայքի մարզի բնակիչ Մկրտիչ Բաբաջանյանը եւ նրա ուղեւորները` Երեւանի Եղիշե Թադեւոսյան 15 շենքի բնակիչներ` 27-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը, մեկամյա Գառնիկ Հովհաննիսյանը, 27-ամյա Նազելի Այվազյանը, 20-ամյա Ռուզաննա Կարապետյանը, 5-ամյա Հասմիկ Հովհաննիսյանը, 2-ամյա Լիլիթ Հովհաննիսյանը, 27-ամյա Վարդան Հովհաննիսյանը, տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Մեզ հայտնի դարձավ, որ վիրավորների մի մասը դուրս է գրվել հիվանդանոցից եւ իրենց բուժումը շարունակում է տնային պայմաններում:
Նշենք, որ արդեն ձերբակալված Կարեն Խաչատրյանի 2-ամսյա կալանավորման միջնորդությամբ ՃՏՀ քննության բաժնի քննիչը դիմելու է Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Մինչ այդ, այսօր կեսօրին դեպքի վայրումՃՏՀ քննության բաժնի քննիչները ձերբակալված Կարեն Խաչատրյանի ներկայությամբ փորձագիտական աշխատանքներ են կատարել:











Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի





























