Առաջնագիծը համալրելու եւ արդիականացնելու ուղղությամբ ակտիվ աշխատանք է իրականացվում։ Այս մասին մարտի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության փոխնախարար, ՊՆ ռազմարդյունաբերական պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը՝ պատասխանելով հարցին, թե 2016 թվականի ապրիլյան ագրեսիայից հետո ինչ աշխատանքներ են իրականացվել։
Փոխնախարարի խոսքով, երկու տարվա ընթացքում բավական առաջընթաց է գրանցվել։ Սպառազինության եւ պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec-2018 խոշոր միջազգային ցուցահանդեսի ժամանակ, որը կմեկնարկի մարտի 29–ին Երեւանում, վերջին մշակումների փակ ցուցադրություն կկայանա։ Ցուցադրության բաց մասում այցելուները եւս հնարավորություն կունենան ծանոթանալ վերջին մշակումներին։ Մանրամասների մեջ չխորանալով՝ փոխնախարարը նշել է, որ իրականացվում է ռոբոտիզացիոն համակարգերի ներդրման աշխատանքներ, որը հնարավորություն է տալիս կրակային խոցում իրականացնել հեռավար կառավարմամբ։ «Բանակը միշտ պատրաստ է հակահարված տալ եւ ցանկացած ագրեսիա պատասխան կստանա»,–հավաստիացրել է նա։
Դավիթ Փախչանյանը հայտնել է նաեւ բանակում հայկական արտադրանքի հարաբերակցությունն ավելացնելու ծրագրերի մասին։ Ռազմարդյունաբերական համալիրի զարգացման յոթնամյա ծրագրի շրջանակներում շեշտը դրվել է այն ուղղությունների վրա, որոնք երկրի ղեկավարությունն առաջնահերթ եւ հաջողված է համարում՝ էլեկտրոնիկա, ռադիոտեղորոշիչներ, ռոբոտիզացիա, օպտիկա: Այն զենքերը, որոնք Հայաստանը չի արտադրում՝ տանկեր, ինքնագնաց կայանքներ, հակաօդային պաշտպանության համակարգեր, կարդիականացվեն։
Խոսելով զինտեխնիկայի վաճառքի մասին՝ նա նշել է, որ հարցն օրակարգում է։ Կոնկրետ գործարքների մասին փախնախարարը չի խոսել, սակայն հիշեցրել է, որ զենքերի շուկայում հեղինակություն ձեռք բերելը մեկ օրվա հարց չէ։
Հայաստանի հիմնական գործընկերների շարքում փոխնախարարը նշել է Ռուսաստանին, Չինաստանին, Սերբիային, Լեհաստանին, Հունաստանին:




























