Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն (ԿԺԴՀ) առաջնորդ Կիմ Չեն Ընը Պեկինում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Սի Ցզինպինի հետ անձնական հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն ապամիջուկայնացում կանցկացնի Կորեական թերակղզում՝ Հարավային Կորեայից եւ ԱՄՆ-ի կողմից համապատասխան պայմանների ստեղծման դեպքում: Այս մասին հաղորդում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով «Սինհուա» գործակալությունը:

«Ապամիջուկայնացման խնդիրը Կորեական թերակղզում կլուծվի, եթե Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ն դրականորեն կընդունեն մեր ջանքերը եւ խաղաղության եւ կայունության մթնոլորտ կստեղծեն խաղաղության հաստատման նպատակով հետեւողական եւ համակարգված միջոցներ ձեռնարկելիս», - ասել է ԿԺԴՀ առաջնորդը:

Նա նաեւ շեշտել է, որ ապամիջուկայնացման մասին պնդում էին նաեւ Հյուսիսային Կորեայի նախկին առաջնորդներ Կիմ Իր Սենն ու Կիմ Չեն Իրը: