Եթե մենք բաժանորդագրվել ենք 10 լրատվամիջոցի, մենք ինքներս չենք կարող կառավարել, թե որ նյութը կտեսնենք, որը չենք տեսնի ֆեյսբուքի մեր էջում: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ անդրադառնալով ֆեյսբուք սոցիալական ցանցի նոր կարգավորումներին:

Նրա խոսքով, ֆեյսբուքն ինքն է որոշում, թե որ նյութը մենք տեսնենք մեր ֆեյսբուքյան պատին՝ մեր մասին ունեցած իր տեղեկատվության հիման վրա: «Սա մեզ դարձնում է խոցելի, քանի որ սկսում ենք սխալ պատկերացումներ ստանալ աշխարհից: Այսինքն բավական է որեւէ բանով հետաքրքրվեք, դրանից հետո կսկսեք դրա մասին ավելի շատ տպավորություններ ստանալ: Օրինակ մեր քաղաքական գործիչները ֆեյսբուքում նստած տեսնում են միայն իրենց դուրեկան նորություններ, միայն իրենց դուրեկան մարդկանց ստատուսներ եւ իրենց թվում է, որ ամբողջ հայ հասարակությունը միայն իրենցով է հրճվում: Բայց իրականում ֆեյսբուքն է նման տպավորություն տալիս: Սա շատ վտանգավոր երեւույթ է, քանի որ իշխանություն ունեցող մարդկանց ձեռքին է այս գործիքը եւ նրանք ձեւավորում են պատկերացում իրական հայաստանյան հասարակության մասին»,-ընդգծեց Սամվել Մարտիրոսյանը: