Ֆեյսբուք սոցիալական ցանցը ատելության խոսքը սահմանափակելու համար բառերի ցանկ է մշակել, որոնց դեպքում՝ մարդուն արգելափակում է: Այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ հավելելով, որ դա հասել է նաեւ հայերի կողմից օգտագործվող բառերին:
Նրա խոսքով, այդ խնդրին Ֆեյսբուքը բախվեց ռուս-ուկրաինական հարաբերությունների մտրուկ սրումից հետո, երբ ռուսներն ու ուկրաինացիները զանգվածաբար իրար վրա ցեխ էին շպրտում ֆեյսբուքում:
«Դա բերեց նրան, որ ֆեյսբուքը խստացրեց հսկողությունը եւ սկսեց ավելի լրջորեն մոդեռացնել գրառումները: Ֆեյսբուքում 2 մլն օգտատերը կա, իսկ մոդերտորների թիվը մինչեւ վերջերս 3,5 հազար էր, հիմա մոտ 7 հազար է, որոնք պետք է մոդեռացնեն անսահմանափակ թվով մեկնաբանություններ, այն դեպքում, երբ նրանք լեզուներ էլ չգիտեն: Գոյություն ունի մոտ 15 տեսակի հայերեն, որով գրում են ֆեյսբուքում: Անգամ հայը հային չի հասկանում, ու մոդերատորները պետք է այդ ամենը հասկանան: Դա արվում է բողոքների հիման վրա: Դրա համար նրանք շատ հաճախ սխալվում են»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը:
Նա ընդգծեց, որ քանի որ գրեթե անհնար է վերահսկել այդքան մեկնաբանություններ ու գրառումներ,ֆեյսբուքը միացրեց ֆիլտրներ, երբ ռոբոտներն անընդհատ զննում են գրառումներն ու մեկնաբանությունները եւ հենց բռնում են ասենք «խախոլ» կամ «մոսկալ» բառը, այդ մարդուն արգելափակում են:
«Այդպես սկսեցին նման բառերի ցանկը մեծացնել ու մի օր հասան մեզ: Ադրբեջանցիների հանդեպ կիրառվող բառերը սկսեցին ֆիլտրվել: Դա հասավ նաեւ ադրբեջանցիներին եւ նրանք են հիմա բլոկ ընկնում, օրինակ «խաչիկ» բառի համար: Հիմա այդ ցանկում է նաեւ «ազեր» բառը, բայց մարդ կա, անունը Ազեր է եւ եթե իր ընկերը ֆեյսբուքում նրան բան է գրել, նրան կարող են արգելափակել»:
Սամվել Մարտիրոսյանը նկատեց, որ այստեղ լուրջ խնդիր կա, որ վերաբերում է խոսքի ազատությանը. «Բանն այն է, որ նրանք օրենքը կիրառում են հետին թվով, այսինքն նոր մտցված սահմանափակումը կիրառում են 7-8 տարի առաջ արված գրառման վրա: Եթե անգամ ես տեղեկանում եմ, որ նման բառ չի կարելի գրել, ես չեմ կարող ջնջել նախկինում արված իմ մեկնաբանությունները, քանի որ ֆեյսբուքը մեկնաբանություններում որոնողական համակարգ չի տրամադրում: Սրա հետեւանքով լրագրողների շատ լուրջ տոկոս գտնվում է արգելափակման մեջ, փաստացի ֆեյսբուքն իր բթամիտ գործողություններով ազդում է խոսքի ազատության վրա, էլ չեմ ասում, որ մարդկանց բիզնեսին է խփում»,-ընդգծեց նա:




























