Պայմանական վաղաժամկետ ազատման եւ պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ընթացակարգերը փոփոխության կենթարկվեն։ Քրեակատարողական օրենսդրության համապատասխան փոփոխության նախագիծը հավանության է արժանացել կառավարության  մարտի 29-ի նիստում։ Փաթեթը ներկայացրել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։ 

Նրա խոսքով, քանի որ հանրապետության նախագահի լիազորությունները փոփոխվել են, ապա անհրաժեշտություն է առաջացել դադարեցնելու պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու եւ պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի գործունեությունը։ «Նախարարությունը առաջարկում է ներառել երկու ծառայությունների մասնակցությունը՝ քրեակատարողական ծառայություն եւ պրոբացիայի ծառայություն։ Երկու ծառայությունները, իրարից անկախ, դատապարտյալի վարքագծի մասին եզրակացություն կտան եւ կգնահատեն, կարող են նրանք կրկին հակաիրավական արարքի դիմել»։

Նրա խոսքով, եթե երկու ծառայություն տվել է դրական եզրակացություն, ապա գործը գնում է դատարան, եթե նրանցից անգամը մեկը տվել է բացասական եզրակացություն, ապա դատապարտյալն ունի տալու իր համաձայնությունը, որպեսզի հարցը գնա դատարան, իսկ եթե երկու ծառայություններն էլ տվել են բացասական եզրակացություն, ապա դատապարտյալը իրավունք ունի բողոքարկելու դատական  կարգով՝ համապատասխան ծառայության որոշումը»,-նշեց նախարարը։

Հարությունյանը վարչապետին խնդրեց նախագիծը ճանաչել անհետաձգելի։