Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնի հայտարարությունը, մեջբերել է ռուս եւ համաշխարհային գրականության դասական Ֆյոդոր Դոստոեւսկուն, փոխանցում  է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ, Ջոնսոնը չորեքշաբթի արտասահմանյան դիվանագետների առջեւ ելույթի ժամանակ Սկրիպալի գործը համեմատել էր Դոստոեւսկու «Հանցանք եւ պատիժ» վեպի սկզբի հետ: Նրա խոսքով՝ բոլորը համոզված են մեղավորի հարցում, եւ խնդիրը միայն նրանում է, որ կխոստովանի նա, թե նրան կձերբակալեն:

«Ի տարբերություն ձեզ՝ մենք Դոստոեւսկի կարդացել ենք, մենք սիրում ենք եւ գիտենք նրան: Այդպես, մեջբերում՝ Ֆյոդոր Միխայլովիչից. «Հարյուր ճագարը երբեք ձի չի դառնա, հարյուր կասկածը երբեք ապացույց չի դառնա, չէ որ մի անգլիական ասացվածք ասում է, որ դա միայն խելամտությունն է, իսկ փորձեք գլուխ հանել կրքերից, չէ որ քննիչը եւս մարդ է»,- ասել է Զախարովան հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ: