Նիդերլանդների բնակիչների մեծ մասը դեմ է օրենքին, որը զգալիորեն ընդլայնում է հատուկ ծառայությունների հնարավորությունները: Այս մասին վկայում են հանրաքվեի արդյունքները, որոնք հինգշաբթի հրապարակել է երկրի ընտրական խորհուրդը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Դեմ է քվեարկել ընտրողների 49,44 տոկոսը, մինչդեռ օրենքին աջակցել է քվեարկողների 46,53 տոկոսը: Եվս 4,03 տոկոս քվեաթերթիկ դատարկ է եղել:
Հանրաքվեին ընդհանուր մասնակցել է մոտ 6,7 մլն մարդ: Այսպիսով մասնակցությունը կազմել է 51,54 տոկոս՝ անցնելով 30 տոկոսի շեմը, որպեսզի քվեարկությունը կայացած ճանաչվի:
Հետախուզության եւ անվտանգության ծառայությունների մասին օրենքի փոփոխված տարբերակը 2 կառույցներին՝ Ընդհանուր հետախուզության եւ անտանգության ծառայությանն ու Ռազմական հետախուզության եւ անվտանգության ծառայությանը լրացուցիչ հնարավորություններ է տրամադրում: Մասնավորապես՝ կարող են զանգվածային կարգով, օրինակ՝ ըստ աշխարհագրական սկզբունքի, որսալ օնլայն հաղորդագրությունները, այդ թվում՝ քաղաքացիների, որոնց չեն կասկածում: Ստացած տվյալները կթույլատրեն պահպանել մինչեւ 3 տարի, ավելին՝ 2 կառույցներն էլ կարող են այս տեղեկությունները փոխանցել արտասահմանյան գործընկերներին՝ նույնիսկ առանց նախնական վերլուծության: Օրենքն արդեն հավանություն է ստացել Հոլանդիայի խորհրդարանի 2 պալատներում եւ պետք է ուժի մեջ մտնի մայիսի 1-ից, եթե իշխանություններն այլ որոշում չընդունեն:
Հանրաքվեն խորհրդատվական բնույթ ունի, ուստի իշխանությունները պարտավոր չեն դրա արդյունքները հաշվի առնել, սակայն ցանկացած դեպքում կանոններով նախատեսված է, որ հարցը կառավարությունը պետք է վերստին քննի: Քննարկումից հետո իշխանությունները կարող են որոշում ընդունել, որ օրենքը համապատասխանում է երկրի շահերին, եւ խորհրդարանին առաջարկեն այն աջակցել, չնայած ժողովրդի կամարտահայտությանը: Կառավարությունը կարող է նաեւ օրենքը չեղարկել եւ դրանով համաձայնվել հանրության հետ: Բացառված չէ նաեւ երրորդ տարբերակը, որի դեպքում կառավարությունը կորոշի փաստաթուղթը վերջնամշակել կամ որոշակի փոփոխություններ կատարել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրի վարչապետ Մարկ Ռյուտեն արդեն խոստացել է, որ օրենքը կվերանայվի, սակայն նա հրաժերվել է շահարկել այն թեման, թե ինչ արդյունքների կբերի այս գործընթացը:




























