Բելգիական պատվիրակության կազմում Հայաստան է այցելել նաև հանքարդյունաբերության ոլորտում գործող «Ալֆա փրայմ» ընկերության ներկայացուցիչ, որը բավականին լուրջ նորարար տեխնոլոգիաներ կիրառում հանքարդյունաբերության ոլորտում։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 7–ին, «Արմենպրես»–ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Բելգիա–Հայաստան առևտրի պալատի նախագահ Վալերի Սաֆարյանը։

«Այդ տեխնոլոգիաները բավականին զարգացել են վերջին տարիներին, և հնարավորություն են տալիս, օրինակ, այնպիսի հանքավայրերում, որտեղ մեկ տոննայից արդյունահանվող հանքանյութերի տոկոսը բավականին ցածր է, էապես բարձրացնել այդ տոկոսը։ Բելգիան այս ոլորտում առաջատար է»,–ասաց նա։

Սաֆարյանը նաև տեղեկացրեց, որ Հայաստանում կհիմնվի Գերազանցության և առողջապահության կենտրոն. «Այս առաքելությունը ղեկավարում են բելգիական ձեռնարկությունների ղեկավարների մի թիմ։ Սա ներդրում է լինելու, որը կիրականացվի բելգիական ձեռնարկությունների կողմից և որին կաջակցեն նաև սփյուռքի հայերը։ Այս ծրագիրը ենթադրում է նաև որոշ քանակությամբ բժիշկների ու բուժանձնակազմի վերապատրաստումներ։

Սա ավելի շատ կլինի տարեց մարդկանց համար կենտրոն։ Սա լավ համագործակցություն է բելգիական խոշոր հիվանդանոցային կենտրոնի հետ։ Ասենք, Հայաստան այցելող ծերերը կարող են այդտեղ մնալ 1-2 շաբաթ, պարտադիր չի,մ որ դա լինի երկարատև։ Մարդիկ կլինեն, որ կկարողանան տարեկան կտրվածքով սենյակ գնել և երկար մնալ։ Սա առաջին հերթին ուղղված է լինելու սփյուռքահայերին, որովհետեւ իրենց համար ավելի ակնհայտ կլինի թե այդտեղ այցելելը, թե ծառայություններից օգտվելը, թե հայկական հյուրընկալությունից օգտվելը։ Գաղափարն այն է, որ հարակից այլ ծրագրեր էլ մշակվեն՝ հնարավորինս շատ մարդկանց ներգրավելու և բժշկական տուրիզմը զարգացնելու համար»,–ասաց նա՝ հավելելով, որ կենտրոնը կլինի Արզնիում։