Հանրապետության Նախագահի հետ այսօր աշխատանքային հանդիպման ժամանակ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Ռաֆայել Հովհաննիսյանը զեկուցել է քրեակատարողական ծառայության ոլորտում 2017 թվականին իրականացված աշխատանքների մասին՝ անդրադառնալով օրենսդրական բարեփոխումների, դատապարտյալների զբաղվածության ապահովման, ՔԿՀ-ներում տրամադրվող առաջնային բուժօգնության որակի բարձրացման, էներգախնայողության ծրագրերի ներդրման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման անհրաժեշտությամբ պայմանավորված բոլոր ՔԿՀ-ներում իրականացվող համալիր ստուգումների եւ ուսումնասիրությունների կատարման ուղղությամբ ձեռնարկված քայլերին:
ՔԿՎ պետը զեկուցել է, որ կառավարության համապատասխան որոշման մեջ կատարված լրացումով սահմանվել են սննդի ընդունումից հրաժարված (հացադուլավորների) կալանավորված անձանց եւ դատապարտյալներին պահելու պայմանների առանձնահատկությունները: Մեկ այլ որոշման մեջ կատարված փոփոխությամբ հստակեցվել են քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց սննդի բազմազանության ապահովումը, անհրաժեշտ կալորիականության պահպանումը, ինչպես նաեւ սննդանյութերի եւ էներգիայի նկատմամբ օրգանիզմի բավարար ֆիզիոլոգիական պահանջի նորմերը:
Հանրապետության Նախագահին Ռաֆայել Հովհաննիսյանը զեկուցել է նաեւ 2017 թվականի ընթացքում Եվրոպայի խորհրդի կողմից՝ Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող «Առողջապահության եւ մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի արդյունքները, ըստ որոնց՝ 11 քրեակատարողական հիմնարկներում առաջնային բժշկական օգնության տրամադրման համար ձեռք են բերվել եւ ՔԿՀ-ի բուժմասերին տրամադրվել շուրջ 90 միավոր անհրաժեշտ բժշկական սարքավորումներ եւ պարագաներ, իսկ քրեակատարողական ծառայության 800 բժշկական եւ ոչ բժշկական ծառայողներ վերապատրաստվել են «Բժշկական էթիկա եւ մարդու իրավունքներ» ծրագրի շրջանակում:
Քրեակատարողական վարչության պետի զեկույցը վերաբերել է նաեւ ՀՀ քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայությունների արդիականացման» հայեցակարգից բխող իրավական ակտերի նախագծերին, որոնց արդյունքում կհաստատվի ՔԿՀ-ների համար գնվող դեղերի եւ բժշկական նշանակության պարագաների պետական պատվերի ձեւավորման կարգը, կստեղծվի Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ, կիրականացվեն մի շարք այլ միջոցառումներ եւս:
Օրենսդրական բարեփոխումների համատեքստում ՔԿՎ պետը ներկայացրել է նաեւ 2018 թվականի նոյեմբերի 1-ից կառավարության որոշմամբ ուժի մեջ մտնող՝ տեսազանգից օգտվելու հնարավորությունը այն օտարերկրյա կալանավորված անձանց կամ դատապարտյալների համար, որոնց մերձավոր ազգականները չեն կարող տեսակցել նրանց, ինչպես նաեւ այն կալանավորված անձանց կամ դատապարտյալների համար, որոնց մերձավոր ազգականները չեն կարող օգտվել կարճատեւ տեսակցությունից:
Ներկայացվել է, որ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում իրականացվող էներգախնայողության ծրագրի շրջանակում քրեակատարողական բոլոր հիմնարկներն ապահովվել են անհրաժեշտ կենցաղային պայմաններով՝ ջեռուցում, տաք ջրի ապահովում: Իրականացվել է նաեւ հիմնարկների պատերի եւ ծածկի ջերմամեկուսացում, կառուցվել ու վերազինվել են գազատարները եւ կաթսայատները, ներքին եւ արտաքին ջերմային ցանցերը, արտաքին լուսատուները փոխարինվել են էներգաարդյունավետ լուսադիոդային լուսատուներով, ներդրվել են արեւային էներգիայի եւ տաք ջրի ստացման համակարգեր:
ՔԿՎ պետը զեկուցել է նաեւ 2018 թվականին նախատեսած միջոցառումների մասին, որոնց թվում են «Աբովյան» ՔԿՀ-ում կարի արտադրության հիմնումը, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ներկայիս վիճակի բարելավումը, քրեակատարողական հաստատությունների օպտիմալացումը եւ արդիականացման ծրագիր մշակելու ուղղությամբ տարվող աշխատանքները, անազատության մեջ պահվող անձանց պիլոտային եղանակով սննդի ապահովման ծառայության պատվիրակված իրականացումը, միջպետական համագործակցության զարգացումը, ինչպես նաեւ քրեակատարողական ծառայության աշխատակիցների վերապատրաստումը:
Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ դեռեւս առկա խնդիրներին: Նախագահի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ, այդ թվում՝ հետեւողականորեն շարունակել սկսված բարեփոխումները եւ առավել մեծ ուշադրություն հատկացնել դատապարտյալների, կալանավորված անձանց բուժծառայության, սննդի մատակարարման, անվտանգության ապահովման հարցերին, ինչպես նաեւ աշխատանքներ տանել կոռուպցիոն ռիսկերի վերացման մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ:



























