ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը սեփական նախաձեռնությամբ սկսել է ստուգման գործընթաց, պարզելու, թե որքանով է «ՎիզաՄետրիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից անձնական տվյալների մշակումը համապատասխանում ՀՀ օրենսդրությանը: Այս մասին NEWS.am–ին հայտնել են արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից։

«Հաշվի առնելով դեսպանի հայտարարությունը, հայտարարության վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցների բազմաթիվ հրապարակումները, ինչպես նաեւ հարցի շուրջ հանրային մեծ հետաքրքրությունը, ՀՀ քաղաքացիների անձնական տվալները Թուրքիա փոխանցվելու մտավախությունը՝ ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը սեփական նախաձեռնությամբ սկսել է ստուգման գործընթաց, պարզելու, թե որքանով է «ՎիզաՄետրիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից անձնական տվյալների մշակումը համապատասխանում ՀՀ օրենսդրությանը:

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում Գործակալությունն ուսումնասիրում է բարձրացված խնդիրը՝ ի թիվս այլնի «ՎիզաՄետրիկ» ընկերության կողմից անձնական տվյալների մշակման ընթացքում օրենքի պահպանումը ապահովելու եւ անձնական տվյալների մշակման հնարավոր խախտումները կանխելու համար: Գործակալության գործողությունների եւ արդյունքների վերաբերյալ պարբերաբար կտեղեկացնենք հանրությանը»,–հայտնել են նախարարությունից:

Նշենք, որ ապրիլի 3-ից Երեւանում Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի եւ Շվեդիայի համար ներկայացված Շենգենյան վիզայի դիմումները կընդունի ոչ թե Գերմանիայի դեսպանությունը, այլ «ՎիզաՄետրիկ» ՍՊԸ-ն, որը ռուսական եւ թուրքական ծագում ունեցող կառույց է: