Չինական շուկայում հայկական գյուղատնտեսական արտադրանքի ճանաչելիության բարձրացումը կհանգեցնի հայկական արտադրանքի հանդեպ հետաքրքրության աճի եւ չինական ներդրումների ներհոսքի: Այս մասին, այսօր՝ մարտի 30-ին, Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման սկզբում երկուստեք ընդգծվել է, որ գյուղատնտեսության ոլորտում հայ-չինական հարաբերություններում առկա է մեծ ներուժ եւ անհրաժեշտ է հստակեցնել համագործակցության հնարավոր ուղղությունները ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում:

Անդրադառնալով 2017 թվականի նոյեմբերին Չինաստանի Շանհայ քաղաքում կայացած «PrօWine China 2017» ցուցահանդեսին, որին առաջին անգամ մասնակցել են գինեգործական եւ կոնյակագործական հայաստանյան մի շարք ընկերություններ` նախարար Իգնատի Առաքելյանն առաջարկել է համատեղ միջոցներ ձեռնարկել չինաստանյան շուկայում հայկական գինեգործական եւ կոնյակագործական արտադրանքի առաջմղման ուղղությամբ: Նախարարը նաեւ տեղեկացրել է, որ Հայաստանում ստեղծվել է խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամ, որն ակտիվ գործունեություն է ծավալում այս ոլորտում: 

Նախարար Իգնատի Առաքելյանը վստահություն է հայտնել, որ չինական շուկայում հայկական գյուղատնտեսական արտադրանքի ճանաչելիության բարձրացումը կհանգեցնի հայկական արտադրանքի հանդեպ հետաքրքրության աճի եւ չինական ներդրումների ներհոսքի:

Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ հայկական կողմը պատրաստ է ուսումնասիրել գյուղատնտեսության ոլորտում հայ-չինական համատեղ արտադրության կազմակերպման յուրաքանչյուր առաջարկ:

Դեսպան Թիեն Ըրլոնգն իր հերթին նպատակահարմար է համարել փոխգործակցություն ծավալել հատկապես ջերմոցային տնտեսություններում համատեղ արտադրության կազմակերպման ուղղությամբ: Նա վստահություն է հայտնել, որ Հայաստանի ջերմոցներում արտադրվող գյուղմթերքը կունենա արտասահմանյան շուկայում իրացման իրատեսական հնարավորություններ:   

Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանն անդրադարձել է նաեւ 2018 թվականի նոյեմբերին Շանհայ քաղաքում կայանալիք «China International Import Expo 2018» ցուցահանդեսին եւ առաջարկել, որպեսզի ագրոպարենային ոլորտի հայաստանյան ներկայացուցիչները նույնպես մասնակցեն այդ խոշոր միջոցառմանը: 

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են ուսումնասիրել չինական գյուղատնտեսական շուկայի ներկայիս պահանջարկը ագրարային բնագավառում համատեղ ծրագրերի իրականացման նպատակով: