Դիլիջանի բնակիչը ահազանգում է, որ 2 օր է, ինչ քաղաքում դադարեցված է ջրամատկարարումը: NEWS.am-ին ուղղված նամակում Դիլիջանի բնակիչը մանրամասնում է, որ Մարտի 30-ի կեսօրին ջրամատակարարումը դադարեցվել է՝, կապված ուժեղ անձրեւի հետ, երեկոյան մի քանի ժամով  վերականգնվել է, այնուհետեւ նորից է դադարեցվել մինչեւ հիմա: «Վեոլիա ջուր» ընկերությունից էլ բնակչին պատասխանել են, որ ջուրն աղտոտված է եւ խմելու չէ, իրենք էլ չեն կարող  ասել, ե երբ կվերակագնվի ջրամատակարարումը:

«Բազմիցս անդրադարձ է կատարվել Դիլիջանի ջրի որակին եւ ջրամատակարարամանը: Յուրաքանչյուր անձրեւից կամ ձնհալից հետո ջուրը դառնում է պղտոր, եւ մեկ շաբաթ է պահանջվում որպեսզի այն մաքրվի: Վերջերս «Վեոլիա» ջուր ընկերությունը ստանձնել է Հայաստանի ամբողջ ջրամատակարարումը, եւ երկու օր է, ինչ նոր անակնկալ ենք ստացել ընկերությունից: Մարտի 30-ի կեսօրին ջրամատակարարումը դադարեցվել է` կապված ուժեղ անձրեւի հետ: Երեկոյան մի քանի ժամով վերականգնվել է, սակայն ուշ երեկոյան արդեն նորից ջուր չկար: Առավոտից զանգում ենք, ասում ենք` ինչ է պատահել, ասում են ջուրը պղտոր է, չենք մատակարարելու, որովհետեւ խմելու չէ: Ջուրը երբ կլինի` չգիտենք: Լավ, մոտավորապես ասեք, այսօր, կլինի, վաղը, մեկ շաբաթից, ասում են չգիտենք: Այն հարցին, բա մնացած կարիքները, մարդ ենք, զուգարան ենք ուզում գնալ, լվացվել, ջուրը 20 տարի է խմելու չէ, գիտենք դրա մասին, ասում են, թե չենք կարող տալ, ջուրը պղտոր է: Այսինքն ջրի որակի հարցը լուծելու փոխարեն «Վեոլիա» ընկերությունը գտել է հանճարեղ լուծում, ջուր ընդհանրապես չտալ: Հիմա երկրորդ օրն է, նստած ենք առանց ջրի եւ չգիտենք, լվացվելու համար գնանք ուրիշ քաղաք, թե համարենք, որ միջնադար է եկել, չլվացվենք, կոյուղուց չօգտվենք: Քանի որ 1-85 հեռախոսահամարով պատասխանող անձանցից պատասխան ստանալ հնարավոր չէ (ասում են թղթային նամակ գրեք պատասխանենք), այստեղ հարցս ուղղեմ «Վեոլիա» ջուր ընկերության ղեկավարությանը: Այսօր Դիլիջանում նույնպես նախատեսված է անձեւային եղանակ, ամբողջ ապրիլն էլ անձրեւային է լինելու: Արդյո՞ք սա ենթադրում է, որ յուրաքանչյուր անձրեւից հետո ջուր չենք ունենալու: Եթե այդպես է, ընկերությունը իր պայմանագրում թող նշի, որ յուրաքանչյուր անձրեւից հետո մեկ շաբաթով դադարեցվելու է ջրամատակարարումը՝ մինչեւ ջուրը դառնա զուլալ: Այդ մեկ շաբաթն էլ ընկերությունը իր մասնաճյուղում թող բաղնիք եւ զուգարան բացի, գնանք այնտեղ օգտվենք»,- գրել է Դիլիջանի բնակիչը իր նամակում:

Նշենք, որ NEWS.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ «Վեոլիա ջուր» ընկերությունից: Մեզ խոստացան 15 րոպեից ստեղծված իրավիճակի մասին ճշտել եւ պատասխանել, սակայն այդպես էլ մեր հեռախոսազանգերին չարձագանքեցին: