Մեքսիկայի իշխանությունները պետք է միջոցներ ձեռք առնեն, որ դադարեցնեն Մեքսիկայի տարածքից դեպի ԱՄՆ թմրանյութերի եւ անօրինական միգրանտների հոսքը, հակառակ դեպքում Ազատ առեւտրի հյուսիսամերիկյան համաձայնագիրը (NAFTA) կդադարեցվի, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Համապատասխան հաղորդագրությունը Միացյալ Նահանգների նախագահը հրապարակել է իր թվիթերյան էջում․«Մեքսիկան շատ քիչ բան է անում կամ ընդհանրապես ոչինչ չի անում, որ թույլ չտա ամեն մեկին իր հարավային սահմաններից թափանցել Մեքսիկա, այնտեղից էլ ԱՄՆ։ Նրանք ծիծաղում են մեր հիմար ներգաղթային օրենքների վրա»,-գրել է նա։

«Նրանք պետք է կանգնեցնեն թմրանյութերի եւ մարդկանց հոսքը, կամ ես նրանց սնող կովի՝  NAFTA-ի վերջը կտամ։ Պատ է անհրաժեշտ»,-նշել է նա՝ նկատի ունենալով ԱՄՆ-Մեքսիկա սահմանին այն պատնեշի կառուցումը, որի համար Կոնգրեսն այս տարի այդպես էլ միջոցներ չհատկացրեց։