Այսօր՝ հունվարի 13-ին էկոնոմիկայի նախարարությունը կառավարության նիստին ներկայացրել է 2 կարեւոր ծրագիր՝ զբոսաշրջության զարգացման եւ փոքր ու միջին բիզնեսին պետական աջակցության մասին։ Երկու դեպքում էլ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիմանեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանին, որ ծրագրերը համալիր չեն։

Այսպես, ըստ վարչապետի, զբոսաշրջության զարգացման ողջ ծանրությունն ընկնում է Ազգային մրցունակության հիմնադրամի վրա, ինչը պետք է դիտարկել որպես թերություն։

Ավելի վատ է վիճակը ՓՄՁ աջակցության ծրագրի հետ կապված։ Այդ ծրագրով ՓՄՁ-ին պետական բյուջեից հատկացվելու է 150 մլն դրամ (մոտ 400 հազ. դոլար), այնինչ այլ գերատեսչությունների կողմից ու այլ ծրագրերով ծախսվում են միլիոնավոր դոլարներ։ Տ. Սարգսյանը նույնիսկ հարց ուղղեց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին՝ թե որքա՞ն ռեսուրս կա միջազգային ծրագրերով։ Վերջինս պատասխանեց, որ մոտ 200 մլն դոլարի ռեսուրս կա։

Էկոնոմիկայի նախարարը խոստացավ առաջիկայում ներկայացնել փոքր ու միջին բիզնեսի աջակցման ավելի համապարփակ ծրագիր, սակայն խնդրեց առանց հապաղելու հաստատել ներկայացվածը, որպեսզի հնարավոր լինի բյուջեով նախատեսված գումարները ծախսել։