Քաղաքական վերջին վերադասավորումներն ու նշանակումները դարձան ացնած տարեվերջի եւ 2011-ի առաջին օրերի ամենաքննարկվող թեման: Պատահական չէր, քանի որ իրենց պաշտոնին հրաժեշտ տվեցին քաղաքական դաշտում զգալի դերակատարաթյուն ունեցող գործիչներ:
Իշխանությունները նոր փոփոխությունները պայմանավորում են բարեփոխումների անհրաժեշտությամբ: Բայց փորձենք հասկանալ փոփոխությունների իրական տրամաբանությունը՝ համեմատելով անձերին ու նրանց անցած ուղին:
Փոփոխությունների մեջ, բնականաբար, ամենաաղմկահարույցը Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականն էր եւ այդ պաշտոնին «Հայռուսգազարդի» վարչության նախագահ Կարեն Կարապետյանի նշանակումը: Կարապետյանն իր նախորդի համեմատ, իհարկե, անառարկելի առավելություններ ունի, հատկապես եթե հաշվի առնենք Բեգլարյանի տարատեսակ արկածների մասին ժողովրդի մեջ տարածված շշուկները: Իսկ նոր քաղաքապետը լավ կառավարչի համբավ ունի, տիրապետում է մի շարք լեզուների: Նրա կրթությունն ու տնտեսվարման փորձը գնահատվել են ոչ միայն Հայաստանում:
Երկրի տնտեսության աքիլեսյան գարշապարը գյուղատնտեսության ոլորտն էր, եւ Գերասիմ Ալավերդյանի պաշտոնանկությունը, թերեւս, ամենականխատեսելին էր: Նախկին գյուղնախարարի պաշտոնավարման կարճ ժամանակահատվածն աչքի ընկավ ոչ միայն գյուղատնտեսության աննախադեպ վիճակով, այլեւ նշանավորվեց բազմաթիվ սկանդալներով: Անգամ պաշտոնանկությունից հետո ՕԵԿ-ական նախկին նախարարը զերծ չմնաց իր անվան շուրջ տարատեսակ սկանդալներից: Որոշ լրատվամիջոցների պնդմամբ, Ալավերդյանը հեռանալուց առաջ իր հետ տարել էր նախարարության մեծ հեռուստացույցը:
Գյուղնախարարի պաշտոնի համար շրջանառվող անունների շարքում նախապատվությունը տրվեց «Արտֆուդ» ընկերության գործադիր տնօրեն Սերգո Կարապետյանին: Վերջինս եւս բավական դրական համարում ունի, եթե հաշվի առնենք «Արտֆուդ» ընկերության արձանագրած հաջողությունները: Ընդ որում, Կարապետյանի կենսափորձը վկայում է, որ նա իրապես ծանոթ է ոլորտի խնդիրներին եւ համապատասխան ցանկություն եւ կամք դրսևորելու դեպքում կարող է դրական քայլեր կատարել:
Բարեփոխիչի համարում ունի նաեւ արդարադատության նոր նախարար Հրայր Թովմասյանը, թեեւ հանուն արդարության պիտի նշենք, որ նախկին նախարարն էլ իր գործի գիտակ էր: Այստեղ տեսակի փոփոխության խնդիր է: Ամենևին չնսեմացնելով պրն. Դանիելյանի հեղինակությունը, պետք է փաստենք, որ նոր նախարարի ազնվության մասին խոսում են «Ատլանտիկայից մինչև Ուրալ»:
Վերջին օրերի ամենալուրջ փոփոխությունն, իհարկե, զինդատախազ Արմեն Խաչատուրյանի պաշտոնանկությունն ու այդ պաշտոնում Գեւորգ Կոստանյանի նշանակումն է, ով, չնայած իր համեմատաբար երիտասարդ տարիքին, հասցրել էր Եվրոպական կառույցներում արհեստավարժ մասնագետի, իսկ համակարգում՝ հաստատակամ ու անկաշառ անձնավորության հեղինակություն նվաճել:
Համեմատելով նախկիններին ու նորերին՝ վստահ կարող ենք ասել, որ փոփոխությունների անփոփոխ տրամաբանությունը հանգում է հետևյալին՝ նախկին «կերպով մը» պաշտոն ստացածներին (պարոնյանական այս բնորոշումը մեր դեպքում ոչ ծաղրական է, ոչ էլ վիրավորական. ժամանակն էր այդպիսին) փոխարինելու են գալիս նորերը, որոնց ընտրության չափանիշները որակապես այլ են: Համապատասխան կրթության, մասնագիտական փորձի ու հմտության հետ մեկտեղ առաջին պլան է մղվում անբասիր կենսագրությունը: Համաձայնեք, որ Հայաստանում նման փոփոխություն իրականացնելու համար երկրի ղեկավարից բացառիկ կամք կպահանջվի:
Ինչևէ, ինչպե՞ս կդրսևորեն իրենց այս նորերը, ցույց կտա ժամանակը: Մի բան ակնհայտ է՝ սրընթաց փոխվող ժամանակը նոր պահանջներ է առաջադրում: Չդիմակայել այս մարտահրավերին, կնշանակի անդառնալիորեն կորցնել ժամանակը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Եթե այդպես է, ուրեմն ճիշտ են մամուլում հայտնվող հրապարակումները, որոնց համաձայն առաջիկայում հրաժարականներն ու պաշտոնանկությունները շարունակվելու են...
Արմեն Գեւորգյան





























