ԵՄ մի շարք երկրներ հրաժարվում են Թուրքիայի հետ փախստականների մասին պված գործարքի հետագա ֆինանսավորմանը մասնակցել, հաղորդում է Der Spiegel շաբաթաթերթը` հղում կատարելով Բրյուսելում իր աղբյուրներին: Թուրքիային տրված երեք միլիարդ եվրոյի առաջին տրանշի մեկ երրորդը վճարվել է Եվրամիության բյուջեից, երկու երրորդը՝ Եվրամիության երկրների կողմից: Յուրաքանչյուր երկրի բաժինը որոշվել է ՀՆԱ-ի հիման վրա: Գերմանիան ամենամեծ՝ 500 մլն եվրոյի ներդրումն է կատարել, հայտնում է Deutsche Welle-ն:

Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նամակում Գերմանիան, Ֆրանսիան, Ավստրիան, Շվեդիան, Դանիան եւ Ֆինլանդիան պահանջել են, որ մնացած երեք միլիարդ եվրոն վճարվի ԵՄ բյուջեից: ԵՀ ղեկավար Ժան Կլոդ Յունկեր սակայն դեմ է դրան:

Գերմանիայի կառավարության ներկայացուցիչը 2017 թվականի հունիսին Եվրահանձնաժողովի փակ նիստում պահանջել էր, որ Եվրամիությունը  Թուրքիային երկրորդ տրանշը տրամադրի միայն այն բանից հետո, երբ Անկարան իրականացնի փախստականների մասին պայմանագրում համաձայնեցված բոլոր նախագծերը: Եվրամիության միջոցները, ի թիվս այլ բաների, պետք է օգտագործվեն Թուրքիայում դպրոցների եւ հիվանդանոցների կառուցման համար: Սակայն 26 համաձայնեցված նախագծերից կեսից քիչն է իրականացվել, իսկ որոշներն անգամ չեն սկսվել:

Բացի այդ, ԵՄ երկրները բողոքում են գործարքի ֆինանսավորման ոչ թափանցիկությունից: Բրյուսելում անցյալ տարի նոյեմբերին Գերմանիայի ներկայացուցիչը ցանկանում էր իմանալ՝ ինչ միջոցներից է ԵՀ-ն ֆինանսավորում փախստականների գործարքը եւ արդյոք կառույցը  ստիպված է եղել այդ պատճառով կրճատել այլ նախագծերի ֆինանսավորումը:

ԵՀ ներկայացուցիչ Մացեյ Պոպովկսին չի կարողացել պատասխանել այդ հարցին: Արդյունքում ԵՄ մի շարք երկրների ներկկայացուցիչները հայտարարել են, որ միիջոցների հատկացման հարցը կորոշվի միայն այն բանից հետո, երբ ԵՀ-ն միջոցների ծախսերի մասին հաշվետվություն ներկայացնի: