Բրիտանական հատուկ ծառայությունների համար աշխատած ԳՀՎ պահեստի նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի վիճակը դեռ ծայրահեղ է, բայց կայուն է: Նրա դուստր Յուլիայի առողջական վիճակը կայուն է: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են Անգլիայի առողջապահության ազգային ծառայության հարավարեւելյան բաժանմունքից:
«Մարտի 4-ին Սոլսբերիի միջադեպից հետո, երկու հիվանդները՝ 60-ն անց տղամարդը եւ 30-ն անց կինը, գտնվում են Սոլսբերիի շրջանային հիվանդանոցում: Տղամարդը, նյարդակաթվածային նյութի հետ շփումից, վերակենդանացման բաժանմուքնում է, դեռ ծայրահեղ, բայց կայուն վիճակում: Կնոջ վիճակը կայուն է», — նշվում է հաղորդագրության մեջ:
Յուլիա Սկրիպալի առողջական վիճակի մասին ոչ մի այլ տեղեկություն չի հաղորդվել: Նշենք, որ ավելի վաղ բժիշկները հաղորդում էին, որ նա արագ ապաքինվում է:
ՌԴ-ի եւ Բրիտանիայի հարաբերությունները կտրուկ սրվեցին Սոլսբերիի միջադեպից հետո, որտեղ թունավորվել էին ԳՀՎ պահեստի նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստր Յուլիան: Բրիտանական կողմը պնդում է, որ A234 նյարդակաթվածային նյութով թունավորմանն առնչություն ունի Ռուսաստանը: ՌԴ-ն հերքում է բոլոր մեղադրանքները՝ հիշեցնելով, որ Սոլսբերիի մոտակայքում գտնվում է Բրիտանիայի ՊՆ-ի քիմիական լաբորատորիան:




























