«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այսօր՝ ապրիլի 3-ին, Գյումրիից մեկնարկած քայլերթն ավարտել են Վանաձոր քաղաքում: NEWS.am-ը Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից  տեղեկանում է, որ քայլարշավի մասնակիցները ճամբար են խփել Վանաձորում: Իսկ վաղն առավոտյան կշարունակեն քայլերթը Հայաստանի խոշոր քաղաքներով:

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, թե Վանաձորում քաղաքացիներն իրենց համար քյաբաբ, սուրճ եւ թեյ են բերել։ Փաշինյանը նշել է, թե կիսակառույց մի տարածք են գտել, որտեղ հիմնավորվել են՝ գիշերն անցկացնելու համար։ Ընդ որում, Փաշինյանը հայտնել է, թե նույնիսկ տեղյակ չեն, թե ում է պատկանում այդ կառույցը։ Այսօրվա ընթացքում ՔՊ անդամները 28400 քայլ են արել։

Նշենք, որ քայլերթը մարտի 31-ին, Գյումրիից Նիկոլ Փաշինյանը մենակ սկսեց, սակայն ընթացքում նրան էին միանում իր թիմակիցները:

Փաշինյանը հայտարարել է, որ պատրաստվում են քայլել շուրջ 200 կմ կամ 3500 քայլ, որը կավարտեն Երեւանի Ազատության հրապարակում, ապրիլի 13-ին, ժամը 18.30-ին: Ընդհանուր առմամբ, քայլերթը կշարունակվի 14 օր: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները իրենց առջեւ խնդիր են դրել անցնել Հայաստանի 5 խոշորագույն քաղաքներով՝ Գյումրիով, Վանաձորով, Սպիտակով, Դիլիջանով, Աբովյանով, Հրազդանով:

«Մեր այս քայլը քայլ է ընդդեմ Սերժ Սարգսյանի 3-րդ ժամկետի, ՀՀԿ-ի եւ քայլ է հանուն ՀՀ քաղաքացու հաղթանակի: Այս ակցիայով խնդիր ունենք որոշակի վստահություն, հավատ ներշնչենք ՀՀ քաղաքացիների ուժերի նկատմամբ, որ նրանք կարող են դուրս գալ հրապարակ եւ թույլ չտալ Սերժ Սարգսյանին գալ իշխանության»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: