Հայաստանը մտադիր է միանալ ավելի քան 2500 քաղաքներին, որոնք քաղաքացիների առօրյայում նորարարություններ են ներմուծել: Տարվա սկզբից Հայաստանը ակտիվորեն զարգացրել է «խելացի քաղաքի» գաղափարը. կառավարությունը ստորագրել է Smart City հայեցակարգը եւ անմիջապես սկսել է իրականացնել այն: Մեկնարկել է «ինժեներական քաղաքի» շինարարությունը. այստեղ 20 մլն ԱՄՆ դոլարի ներդրում կկատարվի: Ստեծվել է Yerevan-Smart City հանձնաժողովը, որի նախագահ Հովիկ Մուսայելյանը NEWS.am-ին պատմել է, թե որքան կարժենա «խելացի քաղաքի» կառուցումը:

Նախագծի ընթացքը համակարգում է Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: Ո՞ր քաղաքները կներգրավեն նախագծում: Ե՞րբ այն կսկսվի եւ ե՞րբ կավարտվի: Այս եւ այլ հարցերին պատասխանել է նախարար Վահան Մարտիրոսյանը:

Հայաստանը շատ ամպագոռգոռ հայտարարեց «խելացի քաղաքների» ներդրման իր ծրագրերի մասին եւ կարծես թե սկսել է ինչ-որ բան անել: Որոշվե՞լ է արդյոք, թե որ քաղաքներն են ներգրավելու նախագծում:

Ցանկացած «խելացի» նախագծի հիմնական նպատակը մարդու ապրելու վայրը հարմարավետ դարձնելն է: Սա նշանակում է ոչ միայն ապահով միջավայր, այլեւ տնտեսապես ընդունելի էկոհամակարգ: Սա նշանակում է, որ եթե մեկ քաղաքում մեկ լուծում է հարկավոր, մեկ այլ դեպքում՝ բոլորովին այլ: Ծրագիրը ներգրավել է բոլոր բնակավայրերը, որոնք հիմնավորվածության տեսանկյունից ցույց կտան «խելացի» լուծումների ներդրման նպատակահարմարությունը:

Բնականաբար, Հայաստանի մայրաքաղաքին հատուկ ուշադրություն է հատկացվելու, բայց եւ պահանջներն են այստեղ տարբեր: Միեւնույն ժամանակ, մենք ինքնանպատակ չունենք՝ «խելացի» լուծում ներդնել հանուն «խելացի» լուծման: Մեզ համար կարեւոր է ազդեցությունը տեսնել, օրինակ, «խելացի» լուսացույցներ ներմուծել, տրանսպորտի կառավարման ալգորիթմներ, էներգառեսուրսների խնայողության համակարգեր եւ շատ ավելին մշակել, քաղաքացիների կյանքը հեշտացնելու համար:

Ե՞րբ է սկսվում նախագիծը եւ ե՞րբ մոտավորապես այն պետք է ավարտվի:

Մենք ունենք գաղափարի «կմախքը», թե ինչ է իսկապես անհրաժեշտ: Կա նաեւ հասկացություն, որ առանց մանրամասն փորձարկման, կամ, ինչպխես հիմա սովորաբար ասում են՝ «պիլոտավորման», ցանկացած որոշման իրականացումը ռիսկային է: Մենք գործ ունենք մի օբյեկտի հետ, որը մշտական շարժման եւ փոփոխության մեջ է, եւ որ ամենակարեւորն է, մենք գործ ունենք մարդկանց հետ: Ծրագրի ավարտի մասին ես հիմա չէի խոսի, քանի որ մեր պատկերացումները եւ տեխնոլոգիական ապահովվածությունը վերանայվելու են եւ փուլերը իրականացնելու գործընթացում լրացվելու են: Ես այսպես կասեի. այս գործը սկսելով, դրա վերջին չենք հասնի, ինչպես  կատարելագործումը սահման չունի եւ չի ունենա:

Մեկ բան պարզ է. մենք շատ հստակ հասկանում ենք, որ քաղաքների վերափոխումը անհրաժեշտ է:

Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում առաջին փուլում

Ցանկացած բարեփոխում սկսվում է ներկա իրավիճակի վերլուծությունից: Մենք մանրամասն ուսումնասիրում ենք բնակավայրերը` «թույլ» անարդյունավետ օղակները բացահայտելու համար, այսինքն, այս գործընթացը կոչենք բնակավայրերի բիզնես գործընթացների պասպորտավորում:

Մի քանի որոշումներ արդեն շուտով մտադիր ենք փորձարկել մեր գործընկերների եւ ընկերությունների հետ, որոնք հաստատել են իրենց հետաքրքրվածությունը: Ակտիվորեն աշխատում ենք միջազգային ինստիտուտների հետ՝ տեխնիկական եւ խորհրդատվական օգնության եւ գիտելիքների ու փորձի փոխանակման տեսանկյունից: Ընդհանրապես,  «խելացի քաղաք» հայեցակարգի ներդնումը ահռելի եւ երկարատեւ գործընթաց է, բայց մենք հասկանում ենք, որ պետք է խելամիտ ժամկետներում այն իրագործենք:

Ինչպե՞ս է նախարարությունը պատկերացնում «խելացի քաղաքը» : Քաղաքային կյանքի ո՞ր ոլորտներն է նախատեսվում առաջին հերթին բարեփոխել

Մեր գերատեսչությունը համակարգում է «խելացի լուծումներ» ներդնելու գործընթացը: Դրանք, մեր կարծիքով, պետք է լինեն պարզ, լայնածավալ, հուսալի, մատչելի, հարմարավետ եւ չեն ծանրաբեռնի նրանց, ովքեր կօգտագործեն դրանք:

 Այսօր, չափազանց կարեւոր են հուսալի եւ արդյունավետ տրանսպորտային ենթակառուցվածքը, բնակիչների եւ զբոսաշրջիկների անվտանգությունը, էներգախնայող եւ բնապահպանական լուծումները եւ, իհարկե, տեղեկատվական տեխնոլոգիաները:

Որքա՞ն գումար է նախատեսվում հատկացնել «խելացի քաղաքների» համար

Դժվար է անվանել ճշգրիտ թիվը, սակայն շատ բաղադրիչներ կիրականացվեն պետական-մասնավոր գործընկերության ձեւաչափով:

Ինչու՞ է Հայաստանի համար կարեւոր խելացի քաղաքի հայեցակարգը

Սա կարեւոր է ոչ միայն Հայաստանի համար: Սա կարեւոր է ցանկացած երկրի համար, որը հասկանում է, որ նրա ամենամեծ հարստությունը նրա քաղաքացիներն են: Նրանից, թե որքան հարմարավետ նրանք կզգան իրենց երկրում, իրենց քաղաքում կամ գյուղում, որքան անվտանգ կերթեւեկեն նրա  ճանապարհներով, դրանից կախված կլինի երկրի ճակատագրիրը:

Սա կարեւոր է ցանկացած երկրի համար, որը մեծ սիրով հյուրերի համար բացում է դռները՝ չմոռանալով, թե ինչպես պետք է պաշտպանել իր բնակիչներին շատ վտանգներից, որոնք կապված են ազատության հետ: Սա կարեւոր է ցանկացած երկրի համար, որը մտավոր կապիտալը հիմնական ներուժ է համարում: Ի վերջո, դա կարեւոր է, քանի որ ինտեգրումը բառի լայն իմաստով անհնար է առանց նորարարական լուծումների:

 Յանա Իսրայելյան