Գրիգոր Նարեկացին Հայաստանի եւ հայ ժողովրդի հոգեւոր սահմանադրության հեղինակն է: Նա կամուրջ է Հայ Առաքելական Եկեղեցու եւ Կաթոլիկ եկեղեցու միջեւ, մեր երկու իրողությունների միջեւ, եւ ինչը շատ կարեւոր է, նա կամուրջ է երկու աշխարհների՝ Հայաստանի եւ Արեւմուտքի միջեւ: Նարեկացին կամուրջ է երկրի եւ երկնքի միջեւ: Այս մասին CNA-ին տված հարցազրույցում հայտարարել է Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանը:

Նրա խոսքով՝ Նարեկացին խորհրդանշում է «արյան էկումենիզմը»:

Հայոց Ցեղասպանության ժամանակ ոչնչացվել է վանքը, որտեղ նա ապրում էր, ինչպես նաեւ գերեզմանատունը: Նա նշել է, որ Վատիկանի այգիներում Նարեկացու արձանը Հայաստանի մասնիկն է, քանի որ «Գրիգոր Նարեկացին ներկա է հայ ժողովրդի ամենօրյա կյանքում: Նրա վշտալի բանաստեղծությունների գիրքը դեռեւս օգտագործվում է հիվանդներին բուժելու համար, այն կա ամեն մի հիվանդությունում է եւ օգտագործվում է ոչ միայն մարմինը, այլեւ հոգին բուժելու համար», - ասել է Մինասյանը:

Դիվանագետի խոսքով, արձանի տեղադրումը խորհրդանշում է նաեւ Հայաստանի եւ Սուրբ Աթոռի միջեւ դիվանագիտական հարաբերությունները, որոնք արդեն 25 տարեկան են: «Մեր դիվանագիտական հարաբերությունները 25 տարեկան են եւ, միեւնույն ժամանակ, 1700 տարեկան, որովհետեւ խոսքը  ոչ միայն Սուրբ Աթոռի եւ Հայաստանի Հանրապետության հարաբերությունների մասին է, այլեւ հայ եւ կաթոլիկ աշխարհների», - ասել է Մինասյանը:

«Երկկողմ հարաբերությունները վերաբերում են ոչ միայն Հայաստանին, այլեւ Մերձավոր Արեւելքում բոլոր քրիստոնյաներին: Հայերն ապրում են սփյուռքով, մեր երկիրն ապրում է ամենուր: Հայերը Մերձավոր Արեւելքում հակաքրիստոնեացման կենդանի վկաներն են: Սուրբ Աթոռը եւ Հայաստանը միասին աշխատում են դրա դեմ», - նշել է Մինասյանը:

Հիշեցնենք, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը օրհնել է Տիեզերական Եկեղեցու Ուսուցչի, Էկումենիզմի խորհրդանիշ, Սբ. Գրիգոր Նարեկացու բրոնզե հուշարձանը,  որը տեղադրված է Վատիկանի այգիներում: Ինչպես հաղորդում է Ռադիո Վատիկանը, արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը: