Մինչ «Ելք» դաշինքի անդամները հավաստիացնում են, թե դաշինքը չի կարող պառակտվել եւ վարչապետի ընտրություններից հետո էլ կշարունակի բնականոն աշխատանքը խորհրդարանում, ՀՀԿ խմբակցության պատգամավորները շտապում են հայտարարել, որ պառակտման գործընթացը սկսվել է։ Պատգամավոր Կարինե Աճեմյանը NEWS.am—ի հետ զրույցում ասաց, թե այդ պառակտումն իր համար ցավալի է, քանի որ այն ոչ հանրությանը, ոչ էլ իշխանությանն է ձեռնտու։
«Ցավով պետք է նշենք, որ «Ելք»–ի պառակտման գործընթացը սկսվել է, բայց նաեւ ես պետք է ասեմ, որ շատ կարեւոր է, եթե դաշինք է կնքվում, այն պետք է կարողանա շարունակել գործունեությունը հետագայում՝ հինգ տարվա ընթացքում։ Պետք է պայմանավորվածություն լինի հստակ այդ հարցի շուրջ, որ հետագայում նման բան տեղի չունենա։ Ոչ իշխանության, ոչ հասարակությանը պետք չի այս պառակտումը այն առոմով, որ մեզ պետք է առողջ ընդդիմություն, որ կարողանա հարցեր բարձրացնել, աշխատել ու ստեղծել այն մթնոլորտը, որ իշխանությունը ավելի զգոն լինի»,–ասաց Կարինե Աճեմյանը։
Պատգամավորը վստահեցրեց, թե պառակտման գործում իշխանությունը դերակատարում չունի։ Նա հորդորեց դաշինքի թեւերին գործել տրամաբանության մեջ։ Նա ոչ ծայրահեղ քայլի կողմնակից Նիկոլ Փաշինյանի սկսած պայքարն է ողջունում, ոչ էլ Էդմոն Մարուքյանի՝ իշխանության տարբեր կառույցներում պաշտոն զբաղեցնելու եւ իշխանությանը վերահսկելու ցանկությունը։ Հիշեցնենք, որ մարտի 31–ից Նիկոլ Փաշինյանը իր թիմակիցների հետ քայլարշավով Լոռու մարզից ճանապարհ է ընկել դեպի Ազատության հրապարակ, ինչին դեմ են Արամ Սարգսյանը եւ Էդմոն Մարուքյանը։
«Ամեն ինչի մեջ կա տրամաբանություն։ Եթե ձգտում են պաշտոնի, պետք է ձայն հավաքեն, 2017–ի ընտրություններում համամասնորեն բաժանվեց ամեն ինչ, պետք է գործել այդ տրամաբանության մեջ։ Շատ հարցերում ընդունում եմ Էդմոն Մարուքյանի կառուցողական մոտեցումը, բայց պետք է այն անել օրենքի եւ տրամաբանության շրջանակներում, պետք է իշխանության մեջ լինեն դրա համար»։



























