Փարիզում տեղակայված «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Հայաստանում մամուլի ազատությունը սահմանափակող վերջերս ընդունված օրենսդրական փոփոխությունների առնչությամբ: Այդ մասին հաղորդում է «Ազատություն»  ռադիոկայանը։

«Մենք մտահոգված ենք Հայաստանում մամուլի ազատության նվազման միտումով եւ կոչ ենք անում խորհրդարանին վերանայել վերջին օրենսդրական նախաձեռնությունները, որոնք սահմանափակում են տեղեկատվության մատչելիության իրավունքը եւ խոչընդոտում են լրագրողների աշխատանքը»,- ասել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Յոհան Բիհրը․- «Իշխանությունները պետք է նաեւ ամբողջական եւ անաչառ հետաքննությունն անցկացնեն՝ լրագրողների նկատմամբ բռնությունների գործերով եւ վերջ դնեն նման գործերի դեպքում անպատժելիությանը»:

Կազմակերպության հայտարությունում շեշտվում է․- «Մինչ առաջին անգամ խորհրդարանի կողմից ընտրված Արմեն Սարգսյանը պատրաստվում է ապրիլի 9-ին ստանձնել նախագահի պաշտոնը, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը շեշտում է, որ Հայաստանի կառավարության հիմնական խնդիրը պետք է լինի «դադարեցնել մամուլի ազատության անկումը»:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերությանը մտահոգել է մարտի 23-ին Ազգային ժողովի կողմից ընդունված օրենսդրական փոփոխությունը, որի համաձայն Կառավարության անդամները առանց վարչապետի թույլտվության այլեւս հարցազրույց չեն տա լրագրողներին, լրագրողներն էլ չեն կարողանա ներկա գտնվել Կառավարության նիստերին՝ դրանք այսուհետ դռնափակ կանցկացվեն: Իրավապաշտպան կազմակերպությունը շեշտում է, որ այս փոփոխությունները չեն քննարկվել լրագրողական համայնքի հետ:

Կազմակերպությունը նաեւ նշում է, որ նույն օրը անակնկալ կերպով քվեարկության է դրվել եւ ընդունվել օրենսդրական փոփոխություն, որի համաձայն լրագրողները այսուհետ չեն կարող ներկա գտնվել Երեւանի քաղաքապետարանի նիստերին եւ դրանց կհետեւեն մամուլի կենտրոնից: