«Կոալիցիոն միասնական մոտեցումները լինելու են ազգային խորը գիտակցման դիրքերից»,- անդրադառնալով սեպտեմբերի 17-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ կուսակցությունների ղեկավարների՝ հայ-թուրքական արձանագրությունների թեմայով կայանալիք հանդիպմանը, հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը։

Պարզելու համար, թե բացի ԲՀԿ-ից կա՞ խորհրդարանական որեւէ այլ ուժ, որը նախատեսում է քննարկումների շրջանակներում հանդես գալ կոնկրետ առաջարկներով, NEWS.am-ի թղթակիցը այսօր զրուցել է Ազգային ժողովում ներկայացված ուժերից մի քանիսի ներկայացուցիչների հետ։

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, իսկապես հաստատելով, որ իրենք այդ օրվա համար որոշ առաջարկներ մշակել են,այնուհանդերձ, առայժմ ճիշտ չհամարեց դրանց մասին բարձրաձայնելը։ Նշելով, որ վերջին մի քանի օրերին իրենց կուսակցությունում հենց այդ դրույթների մշակմամբ են զբաղված՝ նա միայն համոզմունք հայտնեց, որ «կոալիցիոն մոտեցումները լինելու են ազգային խորը գիտակցման դիրքերից»։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Էդուարդ Շարմազանովի հետ զրույցից պարզ դարձավ, որ նախագահի հետ հանդիպմանն իրենք առաջարկներով հանդես չեն գալու, քանի որ, ըստ էության, համաձայն են արձանագրություններում տեղ գտած ձեւակերպումների հետ։ Նա անհիմն համարեց արձանագրությունների շուրջ քաղաքական որոշ ուժերի մտահոգությունները՝ գտնելով, որ դրանք չափազանցված են։

«Ժառանգությունից» տեղեկացրին, որ կուսակցությունում առայժմ որոշում են հանդիպմանը գնալ-չգնալու հարցը։ Եթե, այնուամենաայնիվ, որոշեն գնալ, քննարկման կներկայացնեն տասը կետից բաղկացած մի փաստաթուղթ, որի դրույթները խիստ նման են ՀՅԴ-ի ձեւակերպումներին։

Իսկ ՀՅԴ փաթեթը, Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հավաստմամբ, բավական ծավալուն է։ Դրանում տեղ են գտել բազմաթիվ առաջարկներ եւ դրույթների փոփոխված, սեփական տարբերակներ։

Արձանագրությունների մասին պարզաբանումներ չհաջողվեց ստանալ միայն «Օրինաց երկիր» կուսակցությունից։