Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը ողջունում է մի շարք ռուս գործարարների եւ ընկերությունների դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների ընդունումը: Ուրբաթ Twitter-ում նա համապատասխան գրառում է արել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ես ողջունում եմ Միացյալ Նահանգների կողմից Ռուսաստանի թշնամական պետական քաղաքականության դեմ հերթական վճռական գործողությունը, որը նախատեսում է Կրեմլի հետ կապված ավելի շատ թվով ռուսական կառույցների նկատմամբ պատժամիջոցների կիրառում: Միջազգային հանրությունը շարունակում է ցույց տալ, որ Ռուսաստանի շարունակվող թշնամանքը այլեւս չի հանդուրժվի», - գրել է բրիտանացի նախարարը:
Ուրբաթ ԱՄՆ-ի իշխանությունները հայտարարել էին ՌԴ-ի 38 ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, այդ թվում «Ռոսոբորոնէքսպորտի», «Ռուսական Ֆինանսական Կորպորացիայի» եւ «Ռուսալայի» դեմ պատժամիջոցների կիրառման մասին: Վաշինգթոնը, պատճառաբանելով սահմանափակումների ներմուծումը, հերթական անգամ մեղադրել է Մոսկվային ՌԴ-ի եւ Ղրիմի վերամիավորման մեջ, Ուկրաինայի արեւելքում բռնությունների բորբոքման, Սիրիայում Բաշար Ասադին աջակցելու, նրան նյութեր եւ զենքեր մատակարարելու, ինչպես նաեւ կիբերանվտանգության ոլորտում անօրինական գործողություններ իրականացնելու համար:




























