Տավուշում 2016թ.-ի ապրիլին 62-ամյա կնոջը բռնաբարելու գործը Վերաքննիչ քրեական դատարանը հետ է ուղարկել առաջին ատյան՝ նոր կազմով քննության:

NEWS.am-ի հետ զրույցում ամբաստանյալ Արամ Ս.-ի պաշտպան Գայանե Զաքարյանը հայտնեց, որ ապրիլի 6-ին է Վերաքննիչը բեկանել առաջին ատյանի կայացրած դատավճիռը, որի համաձայն, իր պաշտպանյալը դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանն ապացուցված է համարել, որ 2016 թ. ապրիլի 15-ին Արամն ապօրինի մուտք է գործել Տավուշի մարզի գյուղերից մեկի 62-ամյա բնակչուհու տուն, բռնություն է գործադրել նրա նկատմամբ ու նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն ունեցել հետը:

Արամն ալյուրի դատարկ պարկը քաշել է կնոջ գլխին, պարկի վրայից բռնել է նրա բերանը, որ չգոռա եւ բռնության գործադրմամբ նրան տարել է ննջասենյակ: Այնտեղ մի քանի անգամ ապտակել է 62-ամյա կնոջը, պահանջել է իր հետ սեռական հարաբերություն ունենալ, սակայն կինը մերժել է: Արամը նրան հրել, գցել է մահճակալին, հանել է նրա շորերը եւ սեռական հարաբերություն ունեցել նրա հետ: Այնուհետեւ լսելով ոտնաձայներ՝ Արամը դադարեցրել է իր գործողությունները ու թաքնվել նույն սենյակում գտնվող մանկական մահճակալի հետեւում: Տուժողի դուստրը տեսել է Արամին, որից հետո նա փախչել է: