Կոտայքի մարզի Բջնի գյուղում այսօր՝ ապրիլի 8-ին, նշում են Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված ժամկետային զինծառայող Կարեն Ներսիսյանի ծննդյան 21-ամյակն ու մահվան տարելիցը: Կարենի հարազատները, ընկերներն ու հյուրերը այցելել են գյուղի կենտրոնում գտնվող հուշակոթող, որտեղ Արցախյան եւ երկրորդ համաշխարհային պատերազմների ընթացքում զոհվածների կողքին ամփոփված է նաեւ Կարենի աճյունը: Կազմակերպված միջոցառման ընթացքում ներկաները ծաղիկներ դրեցին Կարենի շիրիմին, հիշեցին եւ ներկաներին էլ հիշեցրին Կարենի պատմությունը։
«Կարենը մեր մեջ է, մեր կողքին ու քանի դեռ մենք հիշում ենք, նա կենդանի է: Կարենը Ջաբրաիլի զորամասում էր ծառայում: Ապրիլի 1-ին դիրք էր բարձրացել: Մինչեւ ապրիլի 4-ը տեղեկություն չունեինք, հետո իմացանք, որ էլ չկա: Նրանք ջոկի 8 տղաներով բոլորն էլ զոհվել են: Նա Ադամի ընկերն էր։ Ադամն ամենավերջինը զոհվեց: Այսօրվա հուշ ցերեկույթն էլ նրան հիշելու եւ նրա նման հերոսների մասին հիշեցնելու նպատակ ուներ»,-նշեց Կարենի քույրը` Լուսինեն:
Կարենի մայրը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ որդին բազմաթիվ պատվոգրեր ու մեդալներ է ստացել, սակայն ոչինչ իրեն չի սփոփում. Այսօր նա կդառնար 21 տարեկան, այսօր ես նրա ծննդյան օրը պիտի նշեի, ոչ թե տարելիցի: Ես իմ բալին եմ ուզում ու ամեն օրվա հետ ավելի շատ եմ ուզում, ավելի շատ եմ սպասում հրաշքների»,-նշեց Կարենի մայրը:
Միջոցառմանը Բջնիի եկեղեցու քահանան ներկաների հետ միասին խնկարկեց հերոսի հիշատակը։
Հիշեցնենք, որ Կարեն Ներսիսյանը զոհվել էր 2016թ-ի ապրիլյան պատերազմի օրերին: Նա հետմահու պարգեւատրվել է Արցախի նախագահի կողմից Արիության մեդալով։ Ունի բազմաթիվ այլ մեդալներ ու պատվոգրեր:
.jpg)
.jpg)
.jpg)




























