Հայաստանն իր գործընկերներին իր օրինակով ցույց է տալիս, որ գործնականում ամենեւին էլ անիմաստ չէ զարգացնել հարաբերությունները բոլոր ուղղություններով: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում, մեկնաբանելով ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ համագործակցության զարգացման հնարավորությունը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
«Սա շահեկան եւ շահավետ քաղաքականություն է տվյալ երկրի համար: Չի կարելի հետսովետական տարածքում գտնվող երկրներին կեղծ ընտրության առջեւ դնել՝ կա՛մ Արեւմուտքի, կա՛մ Ռուսաստանի հետ»,- նշել է Լավրովը:
Նրա կարծիքով՝ սա բացարձակապես գաղափարականացված, քաղաքականացված մոտեցում է: Այն, որ Հայաստանը պնդել է ԵՄ-ի հետ նման հարաբերությունների անհրաժեշտության մասին, որոնք որպես ձեռք բերված փաստաթղթերի բաղադրիչ ներառում են Հայաստանի իրավունքների եւ պարտականությունների ճանաչումն այլ ինտեգրացիոն գործընթացներում, դա ճիշտ ուղղությամբ քայլ է, վստահեցրել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
«Որպեսզի ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի եւ ոչ էլ ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրի մյուս անդամների իրավունքները չխախտվեն, որպեսզի իրենց շահերը չտուժեն, անշուշտ, չափազանց կարեւոր է, որպեսզի Եվրամիությունը հրաժարվի արատավոր տրամաբանությունից, որն արդեն հանգեցրել է Ուկրաինայում 2014 թվականի իրադարձություններին»,- ընդգծել է ՌԴ արտգործնախարարը:
Նրա խոսքով՝ նման «կամ-կամ» մոտեցումը համարժեք է համապատասխան ժողովրդից իր բոլոր հարեւանների հետ լիարժեքորեն եւ բազմաֆորմատ համագործակցելու հնարավությունը գողանալուն:
«Կյանքը ինքնին կստիպի մեր եվրոպացի գործընկերները աշխատել Եվրասիական տնտեսական միության, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի հետ, որում, ի դեպ, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ում, նախագահում է ՀՀ քաղաքացին: Քանի որ ԵԱՏՄ անդամ երկրները զգալի քանակությամբ լիազորություններ են տեղափոխել վերազգային մակարդակ, ուստի, իհարկե, անգամ գործնական առեւտրի, ծառայությունների, ներդրումների առեւտրի ոլորտում մի շարք գործնական հարցեր լուծվում են արդեն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ»,- ասել է ռուս դիվանագետը:
Լավրովն ընդգծել է, որ լավատեսորեն է վերաբերվում ԵԱՏՄ-ի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունների ապագային: «Թեեւ այս ապագան շուտ չի սպասվում, սակայն կյանքը մեզ աստիճանաբար կստիպի ընդառաջ գնալ միմյանց: Համոզված եմ, որ Հայաստանի ներկայացուցիչը՝ Տիգրան Սարգսյանը, որը ղեկավարում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, կաջակցի առաջխաղացմանն այս ուղղությամբ»,- եզրափակել է Սերգեյ Լավրովը:
Հայաստանն անիմաստ չի պնդել զարգացնել հարաբերությունները բոլոր ուղղություններով. Լավրով
Հասանելի է
русский



























