Ռուսաստանը պաշտպանական եւ դիվանագիտական գերատեչությունների միջոցով հարցում է ուղարկել Իսրայելին սիրիական ավիաբազայի ուղղությամբ իրականացված ավիահարվածների պատճառների ճշտման նպատակով։ Այսպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային գործերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Պետք է հասկանալ, թե ինչն է Իսրայելին դրդել այդպիսի քայլի, ով է նրա վրա ճնշում գործադրել։ Կամ այդ որոշումը ինքնուրույն է կայացվել»,–ասել է նա։
Նա ենթադրում է, որ Ռուսաստանը ՊՆ–ի եւ ԱԳՆ–ի միջոցով արդեն հարցում է ուղարկել Իսրայելին այդպիսի որոշման պատճառները ճշտման համար։
«Եթե Իսրայելին այդ քայլին դրդել է ԱՄՆ–ն, ապա դա վատ է, եւ Թել Ավիվի այսպիսի քայլը շատ բան է ոչնչացնում Իսրայելի հետ մեր հարաբերություններում»,–շեշտել է նա։
Նշենք, որ Իսրայելի բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը հայտարարել է, որ չի մեկնաբանի ՌԴ ՊՆ այդ հայտարարությունը։
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին Մոսկվայի ժամանակով 03.25-ից 03.53–ն ընկած ժամանակահատվածում Իսրայելի ռազմաօդային ուժերի երկու F-15 ինքնաթիռներ, առանց Սիրիայի օդային տարածք մուտք գործելու, Լիբանանի տարածքից ութ կառավարվող հրթիռների միջոցով հարված էին հասցրել Թիֆոր օդանավակայանի ուղղությամբ։ Սիրիայի Արաբական Հանրապետության օդուժի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հակաօդային մարտի արդյունքում ոչնչացրել էին 5 կառավարվող հրթիռներ։
«ՌԻԱ Նովոստի»–ի աղբյուրը հայտնել է, որ միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել։ ՍԱՆԱ գործակալությունը, իր հերթին, հաղորդել է հարվածի հետեւանքով զոհերի եւ տուժածների մասին։
Պենտագոնը հերքել է իր մասնակցությունը այդ հրթիռային հարվածում։




























