ԱՄՆ վարչակազմը պատրաստվում է այս շաբաթ քննարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը՝ կապված Սիրիայում խաղաղ բնակիչների դեմ քիմիական հարձակման մասին տեղեկությունների հետ: Այս մասին հայտնում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով ԱՄՆ Պետքարտուղարությանը մոտ աղբյուրին:

Սահմանափակումների նախագիծը պատրաստում է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդական Ջոն Բոլթոնը, որը հայտնի է իր խիստ հայացքներով:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի իշխանություններին մեղադրել էր քիմիական հարձակման մեջ՝ նշելով, որ նրանք «ստիպված կլինեն մեծ գին վճարել»: Նա քննադատել էր նաեւ Ռուսաստանին ու Իրանին Բաշար Ասադին աջակվելու համար:

ԱՄՆ Պետքարտուղարությունից հայտարարել են, որ «սիրիացիների կողմից քիմիական զենքի անմարդկային օգտագործման համար» Ռուսաստանն է պատասխանատվություն կրում:

Պետության ղեկավարի խորհրդական Թոմաս Բոսերթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քիմիական հարձակմանն ի պատասխան միջոցառումների ոչ մի հնարավոր տարբերակ չի բացառում: Մասնավորապես՝ նա հաստատել է, որ Վաշինգթոնը կարող է Սիրիային հրթիռային հարված հասցնել:

Սիրիա-ամերիկյան բժշկական միության (Syrian American Medical Society — SAMS) կազմակերպությունից հայտարարել էին, որ Դումայի վրա նետվել է քլորային ռումբ: Ինչպես հստակեցրել էին բժիշկները, արկն ընկել էր քաղաքային հիվանդանոցի վրա: Այնուհետեւ, նրանց տեղեկություններով, Ասադի ուժերը քաղաքի վրա երկրորդ հարձակումն էին կատարել՝ «միախառնված ագենտների», այդ թվում՝ նյարդային նյութերի օգտագործմամբ: SAMS-ի տեղեկություններով՝ այդ ռումբն ընկել էր հիվանդանոցին կից շենքի վրա: Այս հարձակումների հետեւանքով զոհերի ընդհանուր թիվը ինչպես Reuters-ին հայտնել էր ԱՄՆ-ում SAMS-ի փոխնախագահ Բազել Թերմանինին, կազմել է 35 մարդ: Ըստ որում՝ BBC-ի աղբյուրները հայտնել էին Դումայում 70 զոհի մասին:

ԱՄՆ Պետքարտուղարությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշված էր, որ գերատեսչության ներկայացուցիչներն ուշադիր հետեւում են Սրիայի կառավարական ուժերի կողմից Սիրիայում խաղաղ բնակիչների դեմ քիմիական զենքի հնարավոր օգտագործման մասին տեղեկություններին: Եթե այս միջադեպն իսկապես կապված է մահաբեր քիմիական նյութերի հետ, ապա տեղի ունեցածի պատասխանատվությունը  Ռուսաստանն է կրում, հստակեցրել էին Պետքարտուղարությունից: