Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջիկա հանդիպմանը մտադիր են քննարկել միջազգային հանրության բոլոր հնարավորությունները՝ սիրիական Դումա քաղաքում ենթադրյալ քիմիական հարձակման պատասխան գործողությունների մշակման համար: Այս մասին Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնը երկուշաբթի օրը պայմանավորվել է իր ֆրանսիացի գործընկերների հետ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով բրիտանական ԱԳՆ-ի հաղորդագրությունը:

«Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը ընդգծել է Դումայում տեղի ունեցածի ուսումնասիրման եւ հուսալի ու արդյունավետ պատասխան քայլերի ձեռնարկման հրատապ անհրաժեշտությունը: Նրանք համաձայնել են, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այսօրվա հանդիպումը Նյու Յորքում կարեւոր քայլ կլինի միջազգային արձագանքի որոշման հարցում եւ որ անհրաժեշտ է հաշվի առնել առկա բոլոր հնարավորությունները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Վարչապետ Տերեզա Մեյի ներկայացուցիչը երկուշաբթի օրը եւս հայտարարել է, որ Դումայում քիմիական հարձակման մասին հավաստի տեղեկությունների դեպքում Լոնդոնը մի շարք քայլեր կքննարկի, այդ թվում նաեւ՝ եթե գործողությունների դիմելու առաջարկներ լինեն, որոնցում Մեծ Բրիտանիայի մասնակցությունը կարող է օգտակար լինել: