ԱՄՆ-ն մտադիր է շարունակել Կատարի հետ համագործակցությունը՝ Մերձավոր Արեւելքում կայունության ամրապնդման նպատակով՝ ներառյալ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ համատեղ պայքարը եւ տարածաշրջանում Իրանի ազդեցության դիմակայումը: Այս մասին մինչեւ Կատարի էմիր շեյխ Տամիմ բեն Համադ Ալ Տանիի հետ հանդիպումը հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը: Նրա հայտարարությունների տեքստը տարածել է գերատեսչության մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Համագործակցության ոգով ընթանալով՝ մենք մտադիր ենք համատեղ աշխատանքը շարունակել հանուն խռովահույզ Մերձավոր Արեւելքում կայունության եւ անվտանգության: Եվ այս համատեղ աշխատանքը մեր արդյունավետությունը կբարձրացնի շատ ուղղություններով, մասնավորապես՝ ահաբեկչության եւ ԻՊ-ի դեմ պայքարում, ինչպես նաեւ տարածաշրջանում Իրանի կործանարար ազդեցության տարածմանը դիմակայելիս»,- ասել է Պենտագոնի ղեկավարը:
Ինչպես ավելի ուշ լրագրողներին հայտնել է ԱՄՆ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Դանա Ուայթը, Մեթիսը եւ Ալ Տանին, բացի ԻՊ-ի դեմ պայքարի հարցից, քննարկել են Պարսից ծոցի արաբական պետությունների Համագործակցության խորհրդի աշխատանքը եւ լարվածության նվազեցման կարեւորության հարցը, որպեսզի տարածաշրջանում ԱՄՆ գործընկերները կարողանան միասին գործել:
Դրանից բացի, ապրիլի 6-ին Պենտագոնը հայտնել էր Պետքարտուղարության որոշման մասին՝ հավանություն տալ Կատարին 300 մլն ընդհանուր գումարի ավիացիոն հրթիռների բաղադրամասերի հնարավոր վաճառքին: Այս գործարքը պետք է քննարկի ԱՄՆ Կոնգրեսը:




























