Սիրիայում քիմիական զենքի կիրառման վերջնական պատասխանատվությունը Ռուսաստանն է կրում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ավստրալիայի ԱԳ նախարար Ջուլի Բիշոփը:

«Մտահոգում է փաստը, որ Ռուսաստանն օգտագործում է վետոյի իր իրավունքը՝ վճռական հայտարարության ընդունմանը կամ գործողությունների դիմելու կոչին խոչընդոտելու համար»,- ABC ռադիոկայանին ասել է Բիշոփը:

«Այս համատեքստում ես համաձայն եմ ԱՄՆ պետքարտուղարության եւ վարչակազմի հետ, որոնք ենթադրում են, որ Սիրիայի քաղաքացիական բնակչության դեմ քիմիական զենքի կիրառման համար վերջնական պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը»,- հստակեցրել է նա:

Սիրիա-ամերիկյան բժշկական միություն բժշկական կազմակերպությունը (Syrian American Medical Society-SAMS) հայտարարել է ապրիլի 7-ին Դումա քաղաքի վրա նետված քլորային ռումբի մասին: Կազմակերպությունում նշել են, որ ռումբն ընկել է քաղաքային հիվանդանոցի վրա: Այնուհետեւ, ըստ կազմակերպության, Ասադի ուժերը երկրորդ հարձակումն են գործել քաղաքի վրա: Այս ռումբը, ըստ SAMS-ի, ընկել է հիվանդանոցին հարակից շենքի վրա: Հարձակումների հետեւանքով, ըստ Reuters-ի տվյալների, ընդհանուր առմամբ 35 մարդ է զոհվել: BBC-ի աղբյուրներն էլ հաղորդում են 70 զոհի մասին:

ԱՄՆ պետքարտուղարությունն արդեն հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, թե գերատեսչության ներկայացուցիչներն ուշադիր հետեւում են Սիրիայում քաղաքացիական անձանց դեմ քիմիական զենքի հնարավոր օգտագործման մասին զեկույցներին: Այստեղ մանրամասնել են, որ եթե միջադեպն իսկապես կապված է եղել մահացու քիմիկատների հետ, ապա դրա համար պատասխանատվություն է կրում Ռուսաստանը: