ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնակատար Ջոն Սալիվանը եւ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը հեռախոսազրույցներում քննարկել են սիրիական Դումայում ենթադրյալ քիմիական հարձակմանը 2 երկրների ապագա պատասխան քայլերը: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Նրա խոսքով՝ դիվանագետները 2 անգամ են խոսել: «Այդ հեռախոսազրույցների ժամանակ պետքարտուղարի պաշտոնակատարը եւ ԱԳ նախարարը քննարկել են Սիրիայի Դումայում քիմիական զենքի կիրառմամբ ենթադրյալ հարձակումը, որը հանգեցրել է տասնյակ անմեղ քաղաքացիական անձանց մահվանը, վիրավորելով եւս մի քանի հարյուրին»,- ասել է Նաուերթը:

Նա հավելել է, որ Ջոնսոնն ու Սալիվանը «քննարկել են միջազգային հանրության արձագանքը եւ հնարավոր հետագա քայլերը, որոնք ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի կառավարությունները կարող են իրականացնել մյուս գործընկերների հետ համակարգմամբ»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին Մեծ Բրիտանիայի ԱԳՆից, Վաշինգթոնը եւ Լոնդոնը եկել են միասնական կարծիքի, որ Դումայում քիմիական հարձակումը ունի քիմիական զենքի կիրառման նախկին դեպքերի նշաններ, որոնք վերագրվում են Դամասկոսին: