Իսրայելը սիրիական Դումայում ենթադրյալ քիմիական հարձակման համար մեղադրել է պաշտոնական Դամասկոսին: Այս մասին նշված է Իսրայելի ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ, փոխանցում է ՌԲԿ-ն:

«Իսրայելը վճռականորեն դատապարտում է քիմիական զենքի կիրառումը, որն ապրիլի 7-ին իրականացվել է Սիրիայում, 2017 թվականի ապրիլի 4-ին Հան Շեյհունում Բաշար Ասադի ռեժիմի կողմից զանգվածային սպանությունից մեկ տարի հետո»,- նշված է հայտարարության մեջ:

Իսրայելի ԱԳՆ-ից հայտարարել են, որ Ասադի ռեժիմը շարունակում է «մարդկության դեմ հանցագործություններ» կատարել՝ զենքի արգելված տեսակների օգտագործամբ:

Ավելի վաղ Բաշար Ասադի ռեժիմին Սիրիայում քիմիական հարձակման համար մեղադրել էր ԱՄՆ-ն: «Սիրիայում անիմաստ քիմիական հարձակման հետեւանքով մեծ թվով զոհեր, այդ թվում՝ կանայք եւ երեխաներ: Նախագահ Պուտինը, Ռուսաստանն ու Իրանն են պատասխանատու անասուն Ասադին աջակցելու համար: Ստիպված կլինեն մեծ գին վճարել»,- Twitter-ի իր էջում նշել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Ավելի ուշ ԱՄՆ դիրքորոշմանն աջակցել էին Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան:

Ռուսաստանը քիմիական հարձակման մասին տեղեկությունները «ֆեյք» էր որակել, իսկ Սիրիայի ԱԳՆ-ն հերքել էր միջադեպին ռեժիմի մասնակցությունը: