Իրաքում եզդիների հանդեպ թուրքական վտանգը մեծանում է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Մուրազին՝ անդրադառնալով Իրաքի եզդիների հանդեպ թուրքական վտանգի ու ցեղասպանությունից մազապուրծ եղած փախստականների ներկայիս վիճակի մասին:
Նրա խոսքով, գաղտնիք չէ, որ վերջին ժամանակահատվածում Թուրքիան ակտիվություն է ցուցաբերում հարեւան պետությունների տարածքում, մասնավորապես՝ հունվարից սկսած, Սիրիայի Աֆրին շրջանում, որտեղ կան նաեւ եզդիաբնակ գյուղեր
«Բազմաթիվ տեսանյութեր կան, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են թուրք զինվորները ստիպում եզդիներին դավանափոխ լինել, կամ ենթարկում են մահապատժի: Փաստացիորեն կրկնվում է այն, ինչ 2014 թվականին տեղի է ունեցել Շանգալի եզդիների հետ, պարզապես հիմա դա արվում է ոչ թե ահաբեկչական խմբավորման, այլ Թուրքիայի Հանրապետության կողմից»,-ընդգծեց Մուրազին:
Նա նկատեց, որ սրանով Թուրքիայի կողմից եզդիների նկատմամբ սպառնալիքը չի ավարտվում, քանի որ Թուրքիան արդեն հայտարարել է, որ նպատակ ունի ռազմական գործողություններ սկսել նաեւ Իրաքի եզդիաբնակ Շանգալում (Սինջար), պատճառաբանելով, թե այնտեղ կան Քուրդիստանի բանվորական կուսակցությանը (ՔԲԿ) հարող զինված ուժեր:
«Չնայած Էրդողանի այդ հայտարարությունից հետո ՔԲԿ-ի որոշ զինյալներ լքել են Շանգալի տարածքը, հայտարարելով, որ չեն պատրաստվում վտանգի ենթարկել տեղի խաղաղ բնակչությանը, այնուամենայնիվ Թուրքիան դեռ շարունակում է մտածել ռազմական գործողություններ իրականացնելու մասին, փորձելով զինաթափել ՔԲԿ-ին հարող բոլոր զինված ուժերը, սա բխում է նաեւ Իրաքի շահերից»,- ասաց Բորիս Մուրազին:
Նրա խոսքով, թեեւ եզդիաբնակ Շանգալը ազատագրված է, այնուամենայնիվ 300.000 եզդիներ չեն վերադառնում իրենց բնակավայրերը ու շարունակում են ապրել վրաններում, փախստականներն ունեն սննդի, հագուստի, բուժօգնության կարիք:
Բորիս Մուրազին նշեց, որ բնակավայրեր չվերադառնալը ունի մի քանի պատճառ.
«Ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ ազատագրված տարածքներից շատերը ականապատված են: Պատճառներից մեկն էլ այն է, որ առաջիկայում Իրաքում խորհրդարանական ընտրություններ են, եւ քրդական ուժերը նպատակ ունեն օգտագործել եզդիների ձայները եւս եւ նրանք կկարողանան վերադառնալ իրենց բնակավայրերը միայն ընտրություններից հետո»:



























