Չինաստանը պատրաստ է պատասխան տալ եւ պայքարել մինչեւ «հաղթական ավարտ», եթե ԱՄՆ-ն շարունակի միակողմանի գործողությունների եւ պաշտպանականության քաղաքականություն վարել, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Չինաստանի Առեւտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆենը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պաշտոնյան նշել է, որ ներկայումս չինական եւ ամերիկյան պաշտոնյաների միջեւ առեւտրային եւ տնտեսական տարաձայնությունների վերաբերյալ բանակցություններ չեն ընթանում, քանի որ ԱՄՆ-ն որեւէ հետաքրքրություն չի ցուցաբերում երկխոսության հարցում: Ըստ նրա՝ կողմերը կարող էին բանակցել ԱՀԿ-ի շրջանակներում, սակայն դա կախված է այն բանից՝ արդյոք Վաշինգտոնը հարգում է այդ կազմակերպությունը եւ ենթարկվում է բազմակողմ առեւտրային համակարգի կանոններին:

Հիշեցնենք, որ մարտի վերջին Դոնալդ Թրամփը «Չինաստանի տնտեսական ագրեսիայի դեմ պայքարի մասին» հուշագիր էր ստորագրել, որը թույլ է տալիս Չինաստանում արտադրվող ապրանքների նկատմամբ սահմանափակումներ սահմանել: Հետագայում ԱՄՆ-ն հրապարակեց 1300 չինական ապրանքներ ներառող ցուցակը, որոնց համար ներկրման մաքսատուրքեր կարող են սահմանվել: Այսպիսով Վաշինգտոնը մտադիր է հաղթահարել բազմամիլիարդանոց դեֆիցիտը Պեկինի հետ: ԱՄՆ վարչակազմի հաշվարկներով՝ Չինաստանը նոր մաքսատուրքերի պատճառով տարեկան 50 միլիարդ դոլար կկորցնի:

Ի պատասխան՝ Չինաստանը մաքսատուրքեր սահմանեց 128 ամերիկյան ապրանքի վրա, իսկ հետագայում Պեկինը որոշեց տարածել դրանք եւս 106 ամերիկյան ապրանքի վրա: Նոր առեւտրային որոշումների ընդունման ժամկետները կախված կլինեն այն հանգամանքից, թե երբ Միացյալ Նահանգների իշխանությունները կհայտարարեն իրենց մաքսատուրքերի մասին Չինաստանից ներկրվող ապրանքների համար: