Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի դուստր Կլոդը հոր հին կոստյումներն ու սվիտերները տվել է միգրանտներին օգնելու համար, հայտնում է L'Obs ամսագիրը:
Կլոդի բարի արարքի մասին ամսագրին պատմել է լուսանկարիչ Յան Արտյուս-Բերտրանը: Ձմռանը, երբ Ֆրանսիայում ցրտերը սկսվեցին, նա զանգ է ստացել միանձնուհի Մարի Ժոյից, որը խնամում է միգրանտներին: Կինն ասել էր, որ բավարար քնակությամբ տաք հագուստ չունի, իր խնամարկյալներին բաժանելու համար:
«Ես գրեցի Շիրակի հիմնադրամին եւ ստացա Կլոդ Շիրակի պատասխանը, որն ասում էր. «Ես դրանով կզբաղվեմ, մի անհանգստացիր»,- պատմել է Արտյուս-Բերտրանը:
Մի քանի օր հետո քույր Մարի Ժոն եւ մի քանի կամավորներ տեսել են Շիրակի մեքենան, որով բերել էին նախկին նախագահի հին կոստյումներն ու սվիտերները:
«Ես հոյակապ եմ համարում, որ նախագահի հանգուստը Պորտ դե լյա Շապելի (մետրոյի կայարանի մոտ) փախստականներն են հագնելու»,- հավելել է լուսանկարիչը:
Ժակ Շիրակը եղել է Ֆրանսիայի 22-րդ նախագահը՝ 1995-ից 2007 թվականներին: Շիրակի օրոք նախագահական լիազորությունները կրճատվեցին 7-ից մինչեւ 5 տարի: Շիրակը Ելիսեյան պալատում է անցկացրել 12 տարի. այսպիսով նրա նախագահության ժամկետն իր տեւողությամբ երկրորդն է Ֆրանսուա Միտերանի 14-ամյա կառավարումից հետո:




























