ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հանդես է եկել կրթական համակարգի միջազգայնացման նոր նախաձեռնությամբ. Հայաստանն առաջիկայում կարող է անդամակցել Աշակերտների միջազգային գնահատման ծրագրին (PISA), որը Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության կողմից ստեղծված միջազգային գնահատման եւ վերլուծական գործիք է:
ԿԳ նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ այն հնարավորություն է տալիս համեմատել եւ համադրել ազգային կրթության համակարգն այլ երկրների կրթության համակարգերի հետ՝ համապատասխան աստիճանում:
Համակարգի գնահատումը կատարվում է 15 տարեկան սովորողների շրջանում գիտելիքների եւ հմտությունների ստուգմամբ՝ թեստային առաջադրանքների տարբերակով՝ համակարգչի միջոցով: PISA -ի առաջադրանքները 4 ուղղությամբ են կազմվում՝ ընթերցանություն, մաթեմատիկա, բնագիտություն եւ համակարագչային իմացություն: Աշակերտների միջազգային գնահատման ծրագիրը (PISA) օգնում է վերհանել ազգային կրթության համակարգի խնդիրներն ու բացթողումները, որը կարող է արդյունավետ հիմք հանդիսանալ կրթության քաղաքականության մշակման համար: PISA համակարգով իրենց գիտելիքներն են ստուգել ավելի քան 549 հազար սովորողներ՝ աշխարհի շուրջ 80 երկրներից, այդ թվում 44 –ը միջին եկամուտներ ունեցող : Մինչեւ հունիս PISA-ի ղեկավարությունը պետք է որոշում կայացնի Հայաստանի անդամակցության վերաբերյալ:
Համակարգին անդամակցում են կրթության համաշխարհային առաջատար համարվող մի շարք երկրներ, մասնավորապես՝ Սինգապուրը, Ճապոնիան, Կանադան, ԱՄՆ-ը, Չինաստանը, Ֆինլանդիան, Նիդերլանդները, Կենտրոնական Եվրոպայի եւ Ասիայի երկրները: Տարածաշրջանային երկրներից համակարգին անդամակցում են Ռուսաստանը, Վրաստանը, Թուրքիան, Մոլդովան եւ այլն:




























