Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը վերջին մոհիկան է մեր օրենսդրական դաշտի, որը ողջ է 1985 թվականից, որը բացարձակապես չի համապատասխանում մեր իրավական դաշտին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում նշել է Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: 

Նրա խոսքով, այդ օրենսգրքում կան այնպիսի ձեւակերպումներ, ինչպիսիք են «սովետներ», «սոցիալիստական սեփականություն», «ԽՍՀՄ տարածք» եւ այլն:

Իսկ այժմ կառավարությունը ներկայացնում է ժամանակակից պահանջներին համապատասխան օրենսգիրք. «Փորձել ենք համահունչ դարձնել սահմանադրական դրույթներին: Խոսքը վերաբերում է այնպիսի տարրերի, ինչպիսիք են, օրինակ վարչական ձերբակալում եւ երաշխիքներն այդ պարագայում, կամ այնպիսի կարեւոր տարրի, ինչպիսին է վարչական պատասխանատվությունը պետք է համահունչ լինի անձի գույքային դրությանը: Ներմուծված են նոր ինստիտուտներ»,-ասաց նախարարը: Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ ազդարարում են այս նախագծի շուրջ քննարկումների սկիզբը ԱԺ-ում. «Սա բավականին ժամանակ կպահանջի, ակնկալում ենք, որ օրենսգիրքը կընդունվի այս տարվա ընթացքում եւ ուժի մեջ կմտնի հունվարի 1-ին: Հենց ազդարարվի քննարկումների սկիզբը, մենք կկազմակերպենք հատուկ հարց պատասխան այս թեմայի վերաբերյալ»,-ընդգծեց արդարադատության նախարարը: