Գարնան գյուղատնտեսական աշխատանքները հանրապետության մարզերի մեծ մասում այս տարի ավելի վաղ են սկսվել: Գյուղնախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան համայնքում ծանոթացել է գարնանային գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին, գարնանացան սերմնացուի, պարարտանյութի եւ դիզվառելիքի բաշխման գործընթացի կազմակերպմանն ու իրականացմանը:

Վահանի վարչական ղեկավար Արշակ Մկրտչյանը նշում է, որ արդեն գյուղատնտեսության նախարարություն են՝ դիմել գարնանացան գարու, ցորենի, առվույտի, կորնգանի սերմացուներ ձեռք բերելու համար։ Գարու, կորնգանի եւ գարնանացան ցորենի սերմացուներն արդեն ստացել են, առվյուտի սերմացուն շուտով տեղ կհասնի։ Նորանշանակ ղեկավարը թեեւ դժվարանում է մտաբերել նախորդ տարվա ցուցանիշները, սակայն վստահեցնում է՝ անգամ անզեն աչքով էլ տեսանելի է, որ շուրջ 40 տոկոսով գարնանացանի ցանքատարածություններն ավելացել են։

Վահանում զբաղվում են նաև անասնապահությամբ, 6-7 տարի է արհեստական սերմնավորման փորձեր են կատարվում։ Արշակ Մկրտչյանը հպարտորեն ավելացնում է. սահմանամերձ Վահանում արտագաղթ չկա, իրենք էլ ամեն ինչ անում են, որ վահանցիներն իրենց մայր հողը լքելու մասին չմտածեն:

Ֆերմեր Խաչիկ Ապրեսյանն անցյալ տարվա համեմատ շուրջ 3 հեկտարով ավելացրել է գարնանացանի ցանքատարածությունները, 3 նոր կաթնատու կով է ձեռք բերել։ Ցածր տոկոսադրույքով պետական աջակցության ծրագրից դեռ չի օգտվել, սակայն այն անհրաժեշտ է համարում՝ տնտեսությունն ընդլայնելու համար։

Վահանի կաթարտադրողների սպառողական կոոպերատիվի նախագահ Իլյիչ Ղուլյանը պատմում է, որ համայնքի բնակիչները հիմնականում զբաղվում են կաթի եւ մսի արտադրությամբ, 2002 թվականից այստեղ գործում է կաթի մթերման կետ, մթերման միջին գինը 200 դրամ է, օրական մթերվում է շուրջ մեկ տոննա կաթ: Վճարումները կատարում են ժամանակին, պարտքեր էլ չունեն:

«Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանում այս տարի նախորդ տարիների համեմատ ցանքատարածքները փաստացի ավելանում են: Ուրախալին այն է, որ սահմանապահ Վահան բնակավայրում աննախադեպ ոգևորվածություն կա անասնապահության զարգացման առումով, ինչը հնարավորություն կընձեռի ավել ցանքեր կատարել և ապահովել կերարտադրության հարցը», - ամփոփելով այցի արդյունքները` նշում է փոխնախարար Աշոտ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ, մարզերին այս պահի դրությամբ արդեն տրամադրվել է շուրջ 1700 տոննա գարնանացան սերմ, այդ թվում` գարի, ցորեն, կորնգան և առվույտ, գործընթացը շարունակվում է: Պետական աջակցության շրջանակում դիզվառելիքի ձեռքբերման համար հայտերն արդեն ներկայացվել են, մատակարարների կողմից սկսվել է բաշխման գործընթացը: Շարունակվում է նաև ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման համար հայտերի ընդունումը: