Հայաստանի եւ Արցախի հարկային դաշտերի ինտեգրվածության մակարդակը բարձր է. հաշվի առնելով սա՝ իրականացվող բարեփոխումներին Արցախի միանալն անհրաժեշտ գործընթաց է: Հայաստանի ֆինանսների փոխնախարարի պաշտոնակատար Դավիթ Անանյանի հետ այսօր՝ ապրիլի 12-ին կայացած հանդիպմանն այս մասին ասել է Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը:
Հանդիպման ընթացքում Դավիթ Անանյանը հակիրճ ներկայացրել է Արցախ այցի նպատակները՝ մասնավորապես նշելով, որ հարկային համակարգի զարգացման մի շարք ուղղություններում Հայաստանում իրականացված բարեփոխումների դրական փորձն առաջիկա օրերին կայանալիք հանդիպումների ընթացքում փոխանցելու են Արցախի գործընկերներին:
Արցախի ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանի եւ նախարարի առաջին տեղակալ Արթուր Հարությունյանի մասնակցությամբ անցկացված հանդիպմանը կողմերը կողմերը մտքեր են փոխանակել նաեւ Արցախի հարկային օրենսգրքի ընդունման եւ երկկողմ փոխգործակցության հետ կապված այլ հարցերի մասին:



























