Սերժ Սարգսյանի թեկնածությունը նույնքան կանխատեսելի էր, որքան Ալիեւի նախագահ ընտրվելը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, «Ներքաղաքական իրավիճակը Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիներին» թեմայով քննարկման ժամանակ նշեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը:

Նրա խոսքով, այս իրավիճակին մենք հասել ենք աստիճանաբար. «Քայլ առ քայլ ընդիմությունը փոշիացվեց: Այն, որ պաշտոնապես հայտարարվեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը, նույնքան սպասելի էր, որքան Ադրբեջանի նախագահական ընտրությունների արդյունքները, ոչ մի բան նոր չէ, գործընթացները պատճառահետեւանքային կապով կապված էին, նախ վերցվեց իշխանությունը, հետո տեղի ունեցան սահմանադրական փոփոխություններ, իսկ հիմա առաջադրվում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը»:

Ըստ բանախոսի մենք հետ ենք վերադառնում Սովետական Միության կարգերին, երբ որոշումները կայացվում էին մեկ անձի կողմից. «Ըստ Սահմանադրության, 2022 թվականից այլեւս ԱԺ-ն չի ընտրում վարչապետին, իշխող կուսակցության նախագահը ինքն է մեխանիկորեն նշանակելու վարչապետ, ինչպես Սովետական Միությունում էր արվում: Գերագույն Սովետում, եթե հիշում եք, բոլորը կուսակցական չէին, գոյություն ուներ Կոմունիստական կուսակցություն եւ անկուսակցականների անկախ դաշինք, իսկ հիմա այդ անկուսակցականներին անվանում են ընդդիմություն: Ստացվում է, որ ձեւավորվում է միակուսակցական համակարգ, ինչպես Սովետական Միությունում էր»,-ասաց Արմեն Բաղդասարյանը:

Հարցին, թե ի՞նչ կարելի է ակնկալել Սերժ Սարգսյանի վերարտադրչության դեմ ընդդիմության պայքարից, քաղաքագետը նշեց, որ փոփոխության հանգելու համար դեռ երկար ճանապարհ է պետք անցնել. «Նոր սերունդը բավականին ակտիվ ու պահանջատեր է, ունի ինչ-ինչ պոտենցիալներ, բայց քաղաքական դաշտում փոփոխությունների հասնելու համար երկար ճանապարհ պետք է անցնել, պետք է բարձրանա մարդկանց գիտակցությունը: Մարդիկ պետք է հասկանան, որ չի կարելի ձայնը վաճառել 10 000 դրամով, որ պետք է կրթությանն ավելի մեծ ուշադրություն դարձվի եւ այլն»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մարտի 31-ին նախաձեռնել է «Իմ քայլը» քայլարշավը, որը կավարտվի ապրիլի 13-ին Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներով: Նրանք հայտարարել են, որ մտադիր են ապրիլի 17-ին շրջափակել ԱԺ շենքը եւ պատգամավորների տները եւ թույլ չտալ, որ նրանք մասնակցեն ԱԺ նիստին, որտեղ պետք է ընտրվի վարչապետ: Նմանատիպ պայքարի են ելել նաեւ «Մերժիր Սերժին» նախաձեռնությունն ու «Հանուն Հայաստան պետության» ճակատը: