Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ ապրիլի 13-ին, Շամիրամում 4 եզդիների սպանության գործով դատական նիստը կրկին հետաձգվեց հանրային պաշտպանի միջնորդությամբ: Նշենք, որ արդեն տեւական ժամանակ Կրոմվել Գրիգորյանը տարբեր պատճառաբանություններով դատական նիստերին չի ներկայանում, ինչի կապակցությամբ դսատավոր Սուրեն Մնոյանը որոշեց գործում ներգրավվել Հանրային պաշտպան Ինգա Աղաջանյանին:
Հանրային պաշտպանն էլ այսօր գործի նյութերին ծանոթանալու նպատակով 10 աշխատանքային օր խնդրեց, դատավորն էլ նրա միջնորդությունը բավարարեց:
Նշենք, որ այսօրվա նիստին Կրոմվել Գրիգորյանը միջնորդություն էր ներկայացրել նիստը հետաձգելու մասին, նա իր միջնորդությունը հիմնավորել էր նրանով, որ ուրբաթ օրերը ինքը այլ դատական գործով ծանրաբեռնված է։
Նշենք, որ Թելման Քալաշյանը հրաժարվեց հանրային պաշտպանի ծառայություններից՝ պնդելով, որ իրենք արդեն ունեն գործում ներգրավված պաշտպան։
Գործով դատախազն էլ պնդեց, որ պետք է շարունակել դատական նիստը առանց պաշտպան Կրոմվել Գրիգորյանի ներկայության, քանի որ Կրոմվել Գրիգորյանի վարքագիծը չի համապատասխանում փաստաբանների պալատի կողմից սահմանված վարքագծի կանոններին:
Նշենք, որ այսօր ի տարբերություն նախորդ նիստերին, տուժողների քիչ թվով հարազատներ էին այսօր եկել դատարան:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց ապրիլի 27-ին:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի գերեզմանատանը կից սգո սրահում, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարել է չորս անձանց սպանություն, բացի այդ, 1999թ. ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել հրազեն եւ ռազմամթերք, 2012թ. դեկտեմբերից մինչեւ 2014թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում կատարել է վաշխառություն` որի հետեւանքով տուժողներն ընկել են նյութական ծանր կացության մեջ, 25.08.2017թ. կատարել է նաեւ սուտ մատնություն: Թելման Քալաշյանի հորեղբորը՝ Քյարամ Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պարտակել է առանձնապես ծանր հանցագործությունը` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, չորս անձանց սպանությունն իրականացրած Թելման Քալաշյանին: Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ 333-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ հորեղբորը՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 334-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:




























