ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է կողոպուտի եւ «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիրում տեղի ունեցած խուլիգանության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել «Ճվճվ Արոյի» որդուն՝ Սերժ Վարդանյանին եւ եւս 2 երիտասարդի:
Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ առ այն, որ սեպտեմբերի 12-ին` ժամը 03:00-ի սահմաններում, 24-ամյա Ս.Վարդանյանը Երեւան քաղաքի Հր.Քոչար փողոցում կայանված, տուժողի կողմից շահագործվող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի սրահում վերջինիս պարանոցից քաշել-պոկելու եղանակով հափշտակել է զգալի չափերի արժողության ոսկյա շղթան:
Բացի այդ, Ս.Վարդանյանն իր երկու ընկերների հետ 2017թ. նոյեմբերի 26-ին՝ ուշ երեկոյան, Ն.Զարյան 24 հասցեում գտնվող «Աֆրիկյաններ» ռեստորանային համալիրի առանձնասենյակներից մեկում, իրենց անձի թվացյալ առավելությունը ի ցույց դնելու մղումով, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորել այդ պահին ռեստորանում գտնվող հաճախորդների եւ աշխատակիցների նկատմամբ, հայհոյել, վիճաբանել հասարակական կարգը խախտելու համար դիտողություն կատարած նշված ռեստորանային համալիրի մատուցողի հետ, ապա՝ բռնություն գործադրել վերջինիս նկատմամբ։
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Սերժ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, եւս երկու անձի մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանությանը մասնակցելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:




























