Ադրբեջանի ԿԸՀ-ն տարածել է հայտարարություն ապրիլի 11-ի նախագահական ընտրությունների մասին ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների հարցերով գրասենյակի, ԵԱՀԿ ԳՎ-ի ու ԵԽԽՎ հաշվետվության կապակցությամբ, հայտնում է trend. Az-ը։

ԱՀ ԿԸՀ պատասխանը կետ առ կետ մեկնաբանում է միջազգային դիտորդների հաշվետվությւոնը։ ԿԸՀ ներկայացուցիչների կարծիքով՝ «դիտորդները ցուցադրել են դիրքորոշում, որը կտրուկ տարբերվում է թե դիտորդների (տեղական - խմբ) բազմահազար բանակի տեսակետից , թե իրենց սեփական ներկայացուցիչների տեսակետից, դրսեւորել են ձգտում՝ ստվեր նետել բոլոր 5641 ընտրատեղամասերում գրանցված արդյունքների վրա»։ Հայտարարության մեջ շեշտվում է, որ այս հաշվետվությունում նաև բացահայտ նկատվում է այնպիսի սկզբունքների խախտում, ինչպիսիք են անաչառությունը, անկողմնակալությունը, հավասարակշռվածությունն ու պրոֆեսիոնալիզմը, ուշադրություն են գրավւոմ դրանում արտացոլված բազմաթիվ ներքին հակասությունները։ «Վերոնշյալը չի կարող կասկածներ չառաջացնել, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ , ԵԱՀԿ ԳՎ ու ԵԽԽՎ դիտորդական առաքելության հաշվետվությունը կազմելիս առաքելության ղեկավության կողմից տվյալ կազմակերպությունների դիտորդների վրա գործադրվել է այս կամ այն քաղաքական նպատակ  հետապնդող ճնշում։ Առաքելության ներկայացուցիչները նույնիսկ այսօր, հանդիպելով երկրում առանձին մարդկանց հետ, խնդրում են իրենց ներկայացնել ընտրությունների մասին բացառապես բացասական փաստեր, ինչը վկայում է նրանց հաշվետվությունների անհիմն լինելու մասին»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ, ԵԱՀԿ ԽՎ ու ԵԽԽՎ դիտորդները նախկինում քննադատության են ենթարկել Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրությունները։ Այդ քննադատություններին միացել է նաեւ ԵՄ-ն։