Չնայած առաջին լուրերի դրամատիկ բնույթին, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի գործողությունը, որն իրականացվել էր Սիրիայի դեմ ապրիլի 14-ի գիշերը, ըստ էության դարձավ ցուցադրական, խորհրդանշական ակցիա: Նախ` այն թույլ տվեց բոլոր կողմերին պահպանել իրենց դեմքը, եւ երկրորդ՝ չհանգեցրեց Ռուսաստանի հետ արեւմտյան դաշնակիցների բախմանը եւ, երրորդ՝ այն չի փոխի սիրիական պատերազմի ընթացքը, որը կառավարական զորքերը հաղթում են», - գրում է «Կոմերսանտ»-ի տեսաբան Մաքսիմ Յուսինը:
Վերջին օրերին արեւմտյան ղեկավարների ամպագոռգոռ հայտարարություններից եւ խոստումներից հետո, մասնավորապես, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահների, անհնար էր զերծ մնալ հայտարարված զինված հարվածներից:
Դա Դոմայի քիմիական հարձակումը դատապարտած եւ միանշանակ սիրիական իշխանություններին մեղավոր ճանաչած բոլոր քաղաքական գործիչների անթույլատրելի հեղինակազրկումը կնշանակեր:
Այս իրավիճակում անիմաստ կլիներ Քիմիական զենքի արգելման կազմակերպության հանձնաժողովի գալուն եւ առավել եւս նրա հետաքննության արդյունքներին սպասելը. հարվածների ժամանակը բաց կթողնվեր:
Իսկ այսպես Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարները փրկեցին իրենց դեմքը. նրանք խոստացան պատժել «բռնապետական ռեժիմին» իրենց բնակչության դեմ քիմիական զենք կիրառելու համար եւ կատարեցին իրենց խոստումը:
Միեւնույն ժամանակ, հնարավոր եղավ խուսափել դեպքերի ամենավատ, անկանխատեսելի զարգացումից:
Նախ, եւ ամենակարեւորը, Ռուսաստանի հետ ուղղակի բախում չեղավ:
Սիրիայում նրա ռազմական օբյեկտները հարվածների թիրախը չէին: Բացի դրանից, ֆրանսիացի պաշտոնյաները հայտարարել են, որ Մոսկվային նախազգուշացրել էին ռմբակոծման մասին:
Չի բացառվում, որ նախազգուշացումը արվել է նախօրեին նախագահներ Պուտինի եւ Մակրոնի հեռախոսազրույցի ժամանակ: Կրեմլն էլ, իր հերթին, չի իրականացրել Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի սպառնալիքը, որ ռուսական զորքերը ոչնչացնելու են ոչ միայն Սիրիայի դեմ ուղղված հրթիռները, այլեւ «կրիչներին», այսինքն` ինքնաթիռները եւ նավերը: Արդյունքում դիմակայությունը դարձավ արեւմտա-սիրիական: Ավելին՝ Դամասկոսն էլ հնարավորություն ունեցավ փրկելու իր դեմքը. իշխանական ուժերը հայտնել էին, որ իրենց հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են հրթիռների զգալի մասը:
Երկրորդ՝ չնայած Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որ ներկայիս հարվածը ավելի հզոր էր, քան նախորդը՝ մեկ տարի առաջ «Շայրաթ» բազայի վրա հարձակումը, այն, ըստ էության, նույնքան խորհրդանշական էր: ԱՄՆ վարչակազմի կողմից դիտարկվող տարբերակների թվում կար Դամասկոսի համար շատ ավելի վտանգավոր սցենար` զանգվածային, երկարատեւ հարվածներ, որոնց նպատակը Բաշար Ասադի ռազմական մեքենային ճակատագրական վնաս հասցնելն էր, սիրիական հակամարտության ընթացքը փոխելը, կառավարությանը հաղթանակը կանխելը:
Արդյունքում, ինչպես տեսնում ենք, այս սցենարը մերժվեց: Վաշինգթոնը որոշեց մեկ օրով սահմանափակել (ավելի ճիշտ` մեկ գիշերով) եւ ընդամենը մի քանի օբյեկտներով: Այսինքն, մինչ նոր քիմիական հարձակումը սիրիական պատերազմը կընթանա վերջին ամիսների սցենարով, որը շահավետ է Դամասկոսի եւ նրա ռուս-իրանական դաշնակիցների համար՝ ընդդիմության անկլավների աստիճանական վերացումը, որոնք, բարեբախտաբար, այդքան էլ շատ չեն:




























