Ապրիլի 14-ը Թռչունների միջազգային օրն է: «Թռչունների ուսումնասիրման հայկական ասոցիացիայի» անդամներն այս օրը նշել են դեպի Արարատի մարզի Արմաշի լճեր ուղեւորությամբ: Խոշոր ձկնաբուծարանները, լճակները եւ ճահճային տարածքները գրավում են ջրաճահճային թռչուններին:
Բարենպաստ եղանակին այստեղ կարելի է մինչեւ 80-90 տեսակ թռչուն հանդիպել:
«Մենք այսօր մեծ քանակությամբ ջրաճահճային թռչուններ ենք տեսել: Հիմա արտագաղթի շրջանն է, որը լավ հնարավորություն է տալիս տեսնել այն թռչուններին, որոնք անցնում են Հայաստանով եւ կանգ են առնում ջրային վայրերում: Այստեղ նրանք կարող են հանգստանալ եւ սնվել», - NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է թռչնաբանության պրոֆեսոր Կարեն Աղաբաբյանը:
Այսօր էքսկուրսիայի մասնակիցներին հաջողվեց տեսնել մեծ եւ փոքր ջրագռավի, ջրահավի, կիվիվի, ճահճային ճերմակաբազեի, մեծ սուզաբադի, ձկնկուլի, բադերի տարբեր տեսակների, սպիտակ արագիլի եւ այլ թռչունների:
«Լճերի ճայերը, տարբեր տեսակի կտցարներ, կռվան կտցար, որոնք Հայաստանում բույն չեն դնում, բայց կանգ են առնում արտագաղթի ժամանակ: Մենք այսօր Հայաստանի համար շատ հազվադեպ թռչնի տեսանք ՝ կիվիվի», - ասել է Աղաբաբյանը:
Ասոցիացիայի մասնակիցների հաջորդ ուղեւորությունը նախատեսված է մայիսին դեպի Արագած լեռ:




























