Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը երկրի հատուկ ծառայություններից տեղեկություններ է ստացել, որ Կրեմլը հաքերների օգնությամբ վարկաբեկող նյութեր է պատրաստում իր կառավարության անդամների մասին: Պարբերականի տեղեկություններով՝ վարկաբեկող նյութերի հրապարակումը կդառնա Մոսկվայի պատասխանը Լոնդոնի մասնակցությանը Սիրիայի դեմ հրթիռային հարձակմանը: Այս մասին հայտնում է Sunday Times-ը:
Պարբերականը հայտնում է, որ Մեծ Բրիտանիան պատրաստում է «համաչափ կիբեռհակահարված»: Դրանով զբաղվում է կառավարական GCHQ գործակալությունը եւ երկրի Պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ Ռուսաստանում թիրախներն արդեն որոշված են:
Դաունինգ Սթրիթում Sunday Times-ի աղբյուրը նաեւ հայտարարել է, որ կառավարությունը միջոցառումներ է պատրաստում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատի դեմ, որոնք Մեծ Բրիտանիայում գաղտնի ներդրումներ ունեն: «Ռուսաստանցի օլիգարխների դեմ ֆինանսական միջոցոռումները կընդունվեն շուտով»,- ասել է նա:
Մարտի 13-ին Times-ը հայտնել էր, որ բրիտանական կառավարությունը քննարկում է Ռուսաստանի վրա կիբեռհարձակման հնարավորությունը: Կառավարական կայքերի եւ պորտալների դեմ նման գործողությունները, որոնք «տարածում են ֆեյք նորություններ», հնարավոր է համարել Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարար Էմբեր Ռադը՝ ի պատասխան ՀԳՎ նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի եւ նրա դուստ Յուլյայի թունավորման:




























