ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում մտադիր է քննարկել Սիբիրում հակաժանտախտային լաբորատորիայի աշխատակցուհու մահը, հայտնում է Associated Press-ը։

«Այսօր Վլադիմիր Պուտինի ծննդյան օրն է»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին։ Ըստ նրա՝ ռուս առաջնորդի հետ «նախատեսված զրույց» ունի։

Թրամփը հայտարարել է, որ մտադիր է Պուտինի հետ քննարկել Իրկուտսկի հակաժանտախտային գիտահետազոտական ինստիտուտի աշխատակցուհու մահը։ Նրա մահը հարցեր է առաջացրել ժանտախտի հնարավոր տարածման վերաբերյալ, սակայն ռուսական իշխանությունները պաշտոնապես հայտնել են չպարզված ծագմամբ թոքաբորբի մասին։

Ավելի վաղ Թրամփն ասել էր, որ Ռուսաստանն իրավիճակը վերահսկողության տակ է համարում։ Երեքշաբթի նա հայտնել էր, որ ԱՄՆ-ն այս հարցի շուրջ վարում է «շատ խորքային» քննարկումներ և պատրաստ է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ հիվանդության տարածման ռիսկը Ռուսաստանի սահմաններից դուրս մնում է շատ ցածր։ Միևնույն ժամանակ ԱՀԿ-ն ռուսական իշխանություններից դեպքի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն է խնդրել։

Ռուսական իշխանությունները հայտարարել են, որ աշխատակցուհու մահվան մասին ԱՀԿ-ին տեղեկացրել են սահմանված ընթացակարգերին համապատասխան։ Ռոսպոտրեբնադզորը հայտնել է նաև, որ մահացածի հետ շփված մարդկանց շրջանում ժանտախտի դեպքեր չեն հայտնաբերվել։